Ըստ ռուսական «Կոմերսանտ» պարբերականի՝ 2022-ի հունվար-սեպտեմբերին Ռուսաստանում օղու վաճառքի ծավալներն անցյալ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել են 6,4 տոկոսով՝ կազմելով 3,4 միլիոն դեկալիտր։ Սիդրի, պուարեի եւ մեղրագինու վաճառքի ծավալները նվազել են 15,6 տոկոսով՝ կազմելով 6,1 միլիոն դոկալիտր։
Գարեջրի եւ գարեջրային ըմպելիքների վաճառքի ծավալները նվազել են 4,2 տոկոսով՝ հասնելով 557,4 միլիոն դեկալիտրի։ Ընդ որում՝ գարեջրի վաճառքի ծավալները հաշվետու ժամանակահատվածի համեմատ նվազել են 4,3 տոկոսով՝ կազմելով 492,2 միլիոն դեկալիտր, գարեջրային ըմպելիքների վաճառքի ծավալները նվազել են 4 տոկոսով՝ կազմելով 65,3 միլիոն դեկալիտր։
Ոգելից այլ խմիչքների վաճառքի ծավալները աճել են 3,5 տոկոսով՝ կազմելով 161,95 միլիոն դեկալիտր։ Մինչեւ 9 տոկոսանոց սպիրտային ըմպելիքների վաճառքի ծավալների աճը եղել է 7,6 տոկոս՝ հասնելով 83,9 միլիոն դեկալիտրի։
Կոնյակի վաճառքի ծավալները այս տարվա 9 ամիսների համար աճել են 3,6 տոկոսով՝ կազմելով 8,9 միլիոն դեկալիտր։ Օղու-լիկյորային ավելի քան 25 տոկոս թնդության ալկոհոլային խմիչքների վաճառքի ծավալները աճել են 27 տոկոսով՝ կազմելով 8,15 միլիոն դեկալիտր։ Լիկյորային գինիների վաճառքի ծավալները ավելացել են միանգամից 2,3 անգամ՝ կազմելով 512,7 հազար դեկալիտր, ինչը շատ լավ ցուցանիշ է՝ ըստ մասնագետների։ Ուշագրավ է, որ մինչեւ 25 տոկոս թնդության օղու-լիկյորային խմիչքների վաճառքի ծավալները նվազել են 30,5 տոկոսով՝ հասնելով 1,55 միլիոն դեկալիտրի։ Մրգային գինիների դեպքում վաճառքի ծավալները կրկին նվազել են 19,2 տոկոսով՝ կազմելով 7,8 միլիոն դեկալիտր։
Թույլ ակլոհոլային արտադրանքի վաճառքի ծավալները աճել են 61,7 տոկոսով, ինչը գերազանցում է 11 միլիոն դեկալիտրը։ Գինեգործական արտադրանքի վաճառքի ծավալները նվազել են 6,5 տոկոսով՝ հասնելով 67,1 միլիոն դեկալիտրի։ Գինու վաճառքի ծավալների աճը մեծ չէ, ընդամենը 0,7 տոկոս (41,2 միլիոն դեկալիտր), փրփրուն եւ շամպայն տեսակի գինիների վաճառքի ծավալները ավելացել են 7,9 տոկոսով՝ հասնելով 12,9 միլիոն դեկալիտրի։ Առանց էթիլային սպիրտի պարունակության գինեգործական խմիչքների վաճառքի ծավալները անկում են ապրել 52,4 տոկոսով՝ հասնելով 3,4 միլիոն դեկալիտրի, էթիլային սպիրտ պարունակող գինեգործական խմիչքներինը նվազել է 16,6 տոկոսով՝ հասնելով 983,1 հազար դեկալիտրի։
Պատրաստեց Արման Գրիգորյանը