Ամերիկյան Washington Post պարբերականը գրում է, որ եվրոպական երկրները մտավախություն ունեն, որ միասնական ճակատը, որով Արեւմուտքը Ռուսաստանի դեմ է հանդես գալիս Ուկրաինայի իրադրության պատճառով, ԱՄՆ միջանկյալ ընտրություններում հանրապետականների հաղթանակի դեպքում կարող է փլուզվել։
Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանրապետական փոքրամասնության առաջնորդ Քեւին Մաքքարթին նախազգուշացրել էր, որ եթե հանրապետականները միջանկյալ ընտրություններում հաղթեն, նրանք կդադարեն Ուկրաինային անսահմանափակ օգնություն տրամադրելուց։
Պարբերականը նշում է, որ Ուկրաինայում մարտական գործողությունների սկսվելուց ի վեր արեւմտյան դաշնակիցներն Ուկրաինային աջակցելու անհրաժեշտության հարցում վերջապես կարողացել են հասնել «անդրատլանտյան կոնսենսուսի հազվագյուտ մակարդակի»: Սակայն Մաքքարթիի հայտարարություններից հետո ինչպես Կիեւում, այնպես էլ Արեւմտյան Եվրոպայում պաշտոնյաները սկսել են մտածել՝ արդյոք Ուկրաինան կարո՞ղ է շարունակել հույս դնել ԱՄՆ-ի վրա։
Բրիտանական խորհրդարանի պաշտպանության կոմիտեի ղեկավար Թոբիաս Էլվուդն իր հերթին համոզմունք է հայտնել, որ եթե ԱՄՆ-ը նահանջի, Ռուսաստանը կկարողանա «հաղթանակ կորզել»: