Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը հայտնել է, որ ՀՀ բոլոր մարզերում՝ բացառությամբ Արմավիրի եւ Արարատի, մինչեւ 100 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող գյուղացիական տնտեսություններին աշնանացան ցորենի մշակության ծախսերը 50%-ով կփոխհատուցվեն։
1 հա-ի հաշվով հավաստագրված, էլիտային կամ 1-ին վերարտադրության սերմերով ցանքի դեպքում կփոխհատուցվի 120 հազար դրամ, իսկ չհավաստագրված սերմերով ցանքի դեպքում՝ 70 հազար դրամ։
Արդեն կնքված պայմանագրերով փոխհատուցման պարտավորությունների կատարման համար պետական բյուջեից շուրջ 2,5 միլիարդ դրամի փոխհատուցում է տրամադրվել ցորենի արտադրությամբ զբաղվող գյուղացիական տնտեսություններին։
Ցորենի ինքնաբավության մակարդակը 2020-ին ՀՀ-ում կազմել է 24,4%
Հայաստանը ներկայում ցորենի 99%-ը ներկրում է ՌԴ-ից։ Ցորենի ինքնաբավության մակարդակը 2020-ին ՀՀ-ում կազմել է 24,4%՝ 2015-ի 49,5%-ի համեմատ։
ՀՀ գյուղատնտեսության ռեսուրսը ներկայում ամբողջությամբ չի օգտագործվում։ Որպես ցանքատարածություն է օգտագործվում վարելահողերի միայն 50%-ը, որից միայն 26%-ն է հատկացվում ցորենին: Դա հիմնականում բացատրվում է հացահատիկային մշակաբույսերից ստացվող եկամտի ցածր մակարդակով:
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2021-ին 2020-ի համեմատ աշնանացան ցորենի ցանքատարածությունները նվազել են 0,9%-ով, համախառն բերքը՝ 26,4%-ով։