ՀՀ ԱԺ-ում 1999 թվականի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած դեպքի կապակցությամբ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվում է 62207199 քրեական գործը:
Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ 2022-ի դրությամբ կատարվել են մի շարք քննչական եւ դատավարական գործողություններ։
Մասնավորապես, 1999-ի հոկտեմբերի 27-ին ահաբեկչական գործողություն կատարելու դեպքի առթիվ հարցաքննվել են Նաիրի եւ Կարեն Հունանյանները, Դերենիկ Բեջանյանը, Աշոտ Կնյազյանը, Անահիտ Բախշյանը, Աշոտ Գասպարյանը, Հրաչյա Սարգսյանը, Կարեն Խաչատուրյանը, Գագիկ Հարությունյանը, Տարոն Սահակյանը, Ժորա Սարգսյանը եւ այլք:
Կատարվել են մի շարք առգրավումներ, նշանակվել են փորձաքննություններ
Քրեակատարողական հիմնարկներից առգրավվել են խմբի անդամներ Էդուարդ Գրիգորյանի, Վռամ Գալստյանի եւ Համլետ Ստեփանյանի անձնական գործերը՝ նրանց մահվան պատճառների վերաբերյալ քննության ընթացքում մի շարք հարցեր պարզաբանելու համար:
Ոստիկանության եւ այլ պետական մարմինների տարբեր ստորաբաժանումներից առգրավվել են այս դեպքի վերաբերյալ հետաքրքրություն ներկայացնող եւ ուսումնասիրության փուլում գտնվող գործեր: Առգրավված տեսագրություններով եւ ձայնագրություններով նշանակվել են տեսաձայնագրային փորձաքննություններ։
Ստացվել են գործով դատապարտյալներին տեսակցած անձանց տվյալները։ Ստացված դիմումների, դրանց կից փաստաթղթերի եւ սկավառակների շուրջ հարցաքննվել են դիմումատուները, զննվել են ներկայացված փաստաթղթերը եւ սկավառակները: