Հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները շատ հստակ էին, առանց տարընթերցումների եւ դիվանագիտական սեթեւեթումների։
«Վալդայ» ակումբում ունեցած ելույթում Վլադիմիր Պուտինն ուղիղ տեքստով հայտարարեց՝ Հայաստանն ազատ է ընտրելու խնդրի կարգավորման ցանկացած տարբերակ, պարզապես ամեն ընտրություն իր գինն ունի։ Այս համատեքստում պատահական չէին նրա հիշեցումները ԼՂ խնդրի կարգավորման բանակցային գործընթացի մասին․ «Ռուսաստանը Հայաստանին առաջարկել է պայմանավորվել Ադրբեջանի հետ եւ նրան փոխանցել հինգ շրջան։ Ընդ որում՝ Ղարաբաղի հետ կապի համար թողնել երկու՝ Քելբաջարի եւ Լաչինի խոշոր շրջանները։ …բայց Հայաստանի ղեկավարությունը գնաց իր ճանապարհով, եւ դա հանգեցրեց ստեղծված իրավիճակին»,– հիշեցրել է Վլադիմիր Պուտինը։
Նա անդրադարձել է հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ հայտարարել, որ ամերիկյան տարբերակը ենթադրում է Ղարաբաղն Ադրբեջանի կազմում․ «Եթե Հայաստանն այդպես է կարծում, խնդիր չկա, Ռուսաստանի Դաշնությունը կաջակցի Երեւանի ցանկացած ընտրության»։ Բայց Պուտինը նաեւ հավելել է․ «Եթե Հայաստանի ղեկավարությունը կարծում է, որ Ղարաբաղը ինչ-որ առանձնահատկություններ ունի, որոնք պետք է հաշվի առնել ապագա խաղաղության պայմանագրում, դա եւս տարբերակ է, սակայն պետք է այդ հարցում համաձայնության գալ Ադրբեջանի հետ, պետք է, որ մյուս կողմի համար էլ առաջարկներն ընդունելի լինեն»։
Հոկտեմբերի 31-ին Սոչիում կայանալիք հանդիպումից առաջ նման հայտարարությունները պատահական չէին։
Մի կողմից՝ ՌԴ նախագահն արձանագրեց՝ Ռուսաստանը երբեք չի երաշխավորել նախապատերազմյան ստատուս-քվոյի պահպանումը, հետեւաբար պատերազմի համար պետք է մեղադրել ոչ թե իրենց, այլ Հայաստանի նախկին ու ներկա ղեկավարներին, որոնք չեն գնացել փոխզիջումների հիման վրա խնդրի լուծման։
Այս հայտարարությամբ նա նաեւ հասկացրեց, որ իրենք չեն երաշխավորում հետպատերազմյան ստատուս քվոն եւս ու ռազմական գործողությունների վերսկսման դեպքում որեւէ պատասխանատվություն չեն կրում՝ փոխարենը պատասխանատվության բեռը դնելով Հայաստանի վրա։
Վլադիմիր Պուտինն իր հայտարարությամբ ամբողջությամբ բացեց խաղաքարտերը՝ հրապարակելով բանակցային սեղանին դրված տարբերակները՝ Հայաստանին առաջարկելով ընտրություն կատարել դրանց միջեւ․ընդունում է ռուսակա՞ն, թե՞ արեւմտյան սցենարը։
Ուշադրությո՛ւն դարձրեք, նա առաջարկում է ընտրություն կատարել ոչ թե կողմերին կամ նաեւ Ադրբեջանին (որին հայկական կողմը մեղադրում է խաղաղության օրակարգը տապալելու փորձերի համար), այլ հենց Հայաստանին (այդպես անուղղակի Երեւանին մեղադրելով գործընթացը տապալելու համար)։
Բացի այդ՝ ՌԴ նախագահը հստակ հասկացնում է, որ եթե Հայաստանը համաձայնի արեւմտյան տարբերակին, ապա իրենց այլ բան չի մնա, քան ձեռք քաշել Ղարաբաղի հարցից՝ այն ճանաչելով Ադրբեջանի մաս (ուրիշ ինչպե՞ս վարվի, եթե հարցի հիմնական շահառուն՝ Հայաստանն ինքն է ԼՂ–ն Ադրբեջանի մաս ճանաչել)։ Ի դեպ, տեւական ժամանակ է՝ խոսվում է արեւմտյան առաջարկների մասին, որ այդ փաստաթղթում Ղարաբաղն Ադրբեջանի մաս է ճանաչվում (սրանով Արեւմուտքը փորձում է լուծել ԼՂ–ից ռուսական զորքերի դուրսբերման եւ տարածաշրջանում ՌԴ-ի ազդեցության թուլացման հարցը), եւ ՀՀ իշխանություններն առ այս պահը չեն հերքել այդ պնդումները։
ՌԴ նախագահը նաեւ հասկացրեց, որ եթե ՀՀ–ն չընդունի արեւմտյան առաջարկները, ապա կփորձեն Բաքվին ինչ–որ բաներ համոզել, ճիշտ է՝ հայկական կողմի պահանջն ամբողջությամբ չի կատարվի, բայց եւ միջանկյալ լուծում կգտնվի, ու Ղարաբաղն Ադրբեջանի մաս չի ճանաչվի (եթե, իհարկե, համաձայնություն լինի այս հարցում)։
ՌԴ նախագահի խոսքերը կարելի է ընդունել որպես եռակողմ հանդիպումից առաջ նախազգուշացում կամ սպառնալիք կամ շանտաժ կամ փաստի առաջ կանգնեցնել, մանավանդ ստատուս–քվոն պահպանելու քաղաքականության եւ պատերազմի մասին հիշեցումները։ Ճաշակի հարց է։ Տերմինն այստեղ մեծ հաշվով կարեւոր չէ։ Կարեւոր է փաստը, որ ՌԴ–ն բաց տեքստով հայտարարում է՝ ձեռքերը ծալած չի նստելու եւ չի հանդուրժելու տարածաշրջանում արեւմտյան ազդեցության ընդլայնումը, նրանց նախաձեռնությամբ խաղաղության հաստատման փորձերը (ձեռքի հետ էլ Արեւմուտքին տարածաշրջան բերելու համար մեղադրելով Հայաստանին)։
Պաշտոնական Մոսկվայի նման արձագանքն իհարկե սպասելի էր․ ՌԴ–ն բավական կոշտ արձագանքեց պրահյան քառակողմ հանդիպմանը՝ Արեւմուտքին մեղադրելով սեպ խրելու համար։ Պրահյան հանդիպումից անմիջապես հետո եղավ Մոսկվայի առաջարկը տեւական դադարից հետո եռակողմ հանդիպում անցկացնելու մասին։
Իրավիճակը կարծես ավելի է բարդանում, եթե հաշվի առնենք, որ Հայաստանում նաեւ իշխանությունների հրահրմամբ գնալով խորանում են հակառուսական տրամադրությունները․ գոնե հանրային խոսույթում իշխում են ՀԱՊԿ–ից դուրս գալու, ՌԴ–ից «պոկվելու» մասին։ Բացի այդ՝ տարբեր տրամաչափի պաշտոնյաներ, ի դեպ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, տեւական ժամանակ է՝ բացահայտ քննադատում են ՌԴ–ին (մեր մեջ ասած՝ հաճախ հիմնավոր), նաեւ ակնարկում Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորալ փոփոխությունների մասին, այս թեմայով տուրք տալիս քննարկումների ծավալմանը։
Եվ այս իրավիճակում ՌԴ նախագահն իրավիճակի պատասխանատվության բեռը երեկ շատ հմտորեն դրեց Հայաստանի վրա՝ այսպիսով լեգիտիմացնելով Ռուսաստանի հնարավոր հակադաշնակցային վարքագիծը, հատկապես արեւմտյան տարբերակն ընտրելու դեպքում։
Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել: