Եվրախորհրդարանի արտաքին գործերի կոմիտեն պնդում է, որ Հայաստանի «վաղեմի կողմնորոշումը» դեպի Ռուսաստան եւ ՀԱՊԿ անբավարար եղավ տարածաշրջանում անվտանգության ապահովման համար։
Փաստաթղթում նշվում է, որ Ուկրաինայի իրադրությունն «անդրադառնում է Հարավային Կովկասի վրա եւ ավելի է բարդացնում տարածաշրջանում անվտանգային իրավիճակը»: ԵԽ կոմիտեում համարում են, որ Հայաստանը պետք է վերանայի անվտանգության ոլորտում արտաքին քաղաքականության վեկտորը։
«Եվրախորհրդարանը Հայաստանին կոչ է անում դիտարկելու անվտանգության ոլորտում իր գործընկերային հարաբերությունների դիվերսիֆիկացման հնարավորությունը, քանի որ նրա վաղեմի կողմնորոշումը դեպի Ռուսաստան եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դաշնակիցներ անբավարար էր»,- նշված է բանաձեւի նախագծում։
Ըստ «Սպուտնիկ Արմենիա»-ի՝ Եվրախորհրդարանում նաեւ նշել են, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է լիովին պահպանվի, ու ընդգծել են տարածաշրջանում ձգձգված հակամարտությունների կարգավորմանն առավել ակտիվ մասնակցելու ԵՄ պատրաստակամությունը:
Ավելի վաղ Եվրախորհրդարանի արտաքին գործերի կոմիտեում դատապարտել էին Ռուսաստանի մասնակցությունը ԵՄ «Արեւելյան գործընկերություն» ծրագրում ընդգրկված պետությունների տարածքում հակամարտություններին: