2023 թվականի հոկտեմբերի 29-ին լրանում է Թուրքիայի Հանրապետության հռչակման 100-ամյակը։ Այս առիթով իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) հոկտեմբերի 28-ին կազմակերպել է «Թուրքիայի հարյուրամյակը» տեսլականը ներկայացնող մեծ միջոցառում, որի միակ խոսնակը լինելու է նախագահ Էրդողանը։
Ըստ Sabah-ի՝ ելույթի ընթացքում Թուրքիայի նախագահը ներկայացնելու է իրենց հանրապետության ձեռքբերումները բոլոր ոլորտներում, ապագայում իրականացվելիք ռազմական ու տնտեսական ծրագրերը։ Բացի այդ՝ Էրդողանը, «առանց լեզվական, ռասայական, սեռական, գաղափարական խտրականության, հասարակության բոլոր շերտերին կոչ է անելու միասին կառուցելու մեծ ու հզոր Թուրքիան» (ուղիղ մեջբերում պաշտոնական հաղորդագրությունից)։
Ուշագրավ է, որ օրեր առաջ ԱԶԿ-ն անհատական հրավերներ է ուղարկել երկրի 11 քաղաքական կուսակցությունների ղեկավարներին։ Ընդդիմադիր երեք կուսակցություն միջացառմանը մասնակցելու հրավեր չի ստացել, այդ թվում նախկին արտգործնախարար Դավութօղլուի գլխավորած «Ապագա», էկոնոմիկայի նախկին նախարար Ալի Բաբաջանի գլխավորած «ԴԵՎԱ» կուսակցությունները եւ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը, որին անդամակցում է հայազգի պատգամավոր Կարո Փայլանը։
Ըստ Cumhuriyet պարբերականի՝ «Թուրքիայի հարյուրամյակը» տեսլականը ներկայացնող միջոցառմանը մասնակցելու են մշակույթի, սպորտի, համայնքային հիմնադրամների, ալեւիական կոմիտեների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, գիտնականներ, դեսպաններ, անգամ որոշ ընդդիմադիր թերթերի լրագրողներ։
Պատրաստեց Լիլիթ Գրիգորյանը