ՀՀ արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը հայտնել է, որ ոստիկանության ազգային գվարդիան ընդգրկելու է ոստիկանության զորքերը, պետական պահպանության գլխավոր վարչությունը եւ ուղեկցող գումարտակները:
Գվարդիան ապահովելու է հասարակական կարգի, պետական եւ կարեւորագույն նշանակության օբյեկտների, հատուկ բեռների տեղափոխման, ինչպես նաեւ բարձրաստիճան պաշտոնատար անձանց անվտանգության ապահովումն ու պահպանությունը։
«Գվարդիան աջակցելու է նաեւ պետական արարողակարգով նախատեսված օտարերկրյա պատվիրակությունների, ներկայացուցիչների անվտանգության ապահովմանը»,– ասված է ՀՀ արդարադատության նախարարության հաղորդագրության մեջ։
Սարգսյանը նշել է, որ ներկայում ոստիկանության զորքերին բնորոշ արտաքին անվտանգության եւ իրավակարգի ապահովման պետական գործառույթների զուգակցումը չի բխում ոստիկանության առջեւ օրենքով դրված խնդիրներից:
Ըստ փոխնախարարի, սակայն, անհրաժեշտ է ոստիկանական զորքերի ապառազմականացում, իսկ ոստիկանական ինստիտուտի մշակութային եւ իրավական ապառազմականացումը պահանջելու է կառուցվածքային եւ օրենսդրական փոփոխություններ: