Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ եվրաինտեգրման խորացմանը զուգահեռ Վրաստանը պետք է կարողանա պահպանել եւ զարգացնել աբխազերենը։
Աբխազերենի օրը Վրաստանում նշվում է 2007-ի հոկտեմբերի 27-ից։ 2011-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն աբխազերենը ներառել է վտանգված լեզուների ցանկում։ Վրաստանից չվերահսկվող Աբխազիայում հիմնականում խոսում են ռուսերեն։
«Այսօր, երբ աբխազերենին անհետացման վտանգ է սպառնում, աբխազերենի օրը պետք է լինի առաջին հերթին մեր՝ աբխազների եւ վրացիների համար, որովհետեւ աբխազների գոյատեւումն առանց աբխազերենի չի կարող լինել…»,- ասել է Վրաստանի նախագահը:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին եւս արձագանքել է աբխազերենի օրվան: Ղարիբաշվիլին նշել է՝ վրացերենի հետ մեկտեղ աբխազերենը պաշտպանված է Վրաստանի Սահմանադրությամբ եւ միասնական լեզվական գանձարանի անբաժանելի մասն է։