Ըստ «Ֆրանս Պրես»-ի՝ ԵՄ անդամ պետություններն ու Եվրահանձնաժողովը նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել մինչեւ 2035 թվականը ԵՄ տարածքում հանածո վառելիքով աշխատող ավտոմեքենաների փաստացի արգելման մասին օրենք հաստատելու վերաբերյալ։
Օրենքի մշակման աշխատանքներին մասնակցած Եվրախորհրդարանի, Եվրահանձնաժողովի, ինչպես նաեւ ԵՄ անդամ պետությունների ներկայացուցիչները համաձայնել են, որ մինչեւ 2035-ը ավտոարտադրող ընկերությունները պետք է ածխաթթու գազի արտանետման զրոյական արդյունքի հասնեն, ինչը նշանակում է, որ հանածո վառելիքով աշխատող ավտոմեքենաների վաճառքն արգելվելու է։
Ժամանակավոր բացառություն կարվեն տարեկան մինչեւ 10 հազար ավտոմեքենա արտադրող ընկերությունների համար, որոնք հիմնականում շքեղ ավտոմեքենաներ արտադրողներն են, ինչպես, օրինակ՝ Ferrari-ն։
Հնարավոր է՝ ապագայում թույլատրվի արտադրել էլեկտրոնային վառելիքով, օրինակ՝ վերականգնող աղբյուրներից, էլեկտրաէներգիայի օգնությամբ ստացվող սինթետիկ վառելիքով աշխատող ավտոմեքենաներ:
Պատրաստեց Արման Գրիգորյանը