Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից հայտնել են, որ հոկտեմբերի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին է ժամանել Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։
Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանները Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքին թափորով առաջնորդել են Սուրբ Հովհաննես Մկրտիչ եւ Սուրբ Վարդան մատուռ–մկրտարան, որտեղ կատարվել է «Հրաշափառի» արարողությունը։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը Մայր Աթոռի միաբանության անունից ողջունել եւ բարի գալուստ է մաղթել Սահակ Պատրիարքին։
Այնուհետեւ Պոլսո Հայոց Պատրիարքը, գոհություն վերառաքելով առ Աստված վերստին հայոց հոգեւոր կենտրոնում գտնվելու համար, իր օրհնությունն ու բարեմաղթանքներն է փոխանցել Սուրբ Էջմիածնի միաբանությանը։
Ապա Վեհարանում տեղի է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Պոլսո Հայոց Պատրիարքի առանձնազրույցը:
Առաջիկա օրերին Ամենապատիվ Սահակ Պատրիարքը նաեւ իր մասնակցությունը կբերի Մայր Աթոռում գումարվելիք Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովին: