Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ» ընկերությանը շինթույլտվություն է տվել Աբովյան 5/1 հասցեում՝ «Մոսկվա» կինոթատրոնի եւ Շառլ Ազնավուրի հրապարակի հարեւանությամբ, կառուցել բարձրահարկ հյուրանոց։
Իրականում այդ հյուրանոցի հողհատկացումը, կառուցումը սկսվել էին դեռեւս 2007-2008 թվականներին՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության վերջին շրջանում։ Ծառուկյանը ցանկանում էր այդտեղ «Կեմպինսկի» բրենդի մեծ հյուրանոց կառուցել։ Նախապես ներկայացվում էր, թե պետք է 30 մլն դոլարի ներդրում կատարի ու շքեղ համալիր կառուցի։ Տարածքը նրա ղեկավարած Օլիմպիական կոմիտեի նախկին շենքից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա է։ Շենքի մյուս կողմում՝ Թումանյան փողոցի վրա, ԲՀԿ ղեկավարը բարձրահարկ բնակելի շենք էր կառուցել ու ցանկանում էր այդ հատվածն ընդհանրապես իրենով անել։
Բայց հյուրանոցի հիմքը փորելու ժամանակ մի քանի խնդիրների է հանդիպել։ «Ալիք Մեդիային» պատմեցին, որ նրան նախ խանգարում էր հարեւանությամբ գտնվող «Աստաֆյան» ակումբի տարածքը։ Ժամանակի ընթացքում Ծառուկյանին հաջողվում է դրա սեփականատիրոջից՝ Դնոյից (որեւէ մեկը չհիշեց նրա իրական անունը), գնել շենքը: «Մուլտի գրուպը» քանդում է այդ կառույցն ու հյուրանոցի հիմքն ավելի է երկարեցնում
Ավելի ներքեւում՝ մինչեւ ԱՕԿՍ-ի շենքը, արդեն թիվ 3/3 հասցեի եռահարկ՝ համեմատաբար փոքր շինությունն է, որտեղ վարձակալությամբ գործում են մի քանի խանութներ: Դրա սեփականատերեր՝ ամուսիններ Վոլոդյա Բեջանյանն ու Աննա Մարտիրոսյանը հրաժարվել են տարածքը «Մուլտի գրուպին» վաճառելուց։ Եվ Ծառուկյանի ընկերությունն այդ շինությանը անթույլատրելի չափով մոտ է փորում իր հյուրանոցի հիմքն ու բարձրացնում առաջին մի քանի հարկերը։ Կառուցապատողները չեն պահպանել սեյսմիկ կար կոչվող նորմը, եւ հյուրանոցը գրեթե կպել է այդ կառույցին։
Թիվ 3/3 հասցեի սեփականատերը, տեսնելով, որ Ծառուկյանը չի ցանկանում վերացնել այդ խախտումը, դիմել է դատարան։ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը 2009 թվականի փետրվարի 18-ին՝ արդեն Սերժ Սարգսյանի իշխանության օրոք, վճիռ է կայացրել, որ խախտումը պետք է վերացվի: «Պարտավորեցնել պատասխանող «Մուլտի գրուպ» ՍՊ ընկերությանը՝ վերացնել հայցվոր Աննա Մարտիրոսյանի՝ որպես սեփականատիրոջ իրավունքների խախտումը, այն է՝ վերականգնել մինչեւ շինարարական աշխատանքների եղած դրությունը, շինարարությունն իրականացնել շինարարական նորմերին ու կանոններին (CHuП-ի) ու քաղաքաշինական նորմերի պահանջներին համապատասխան՝ ապահովելով սեյսմիկ կարը»,- նշված է դատարանի վճռի մեջ:
Եվ հենց այս շինության նկատմամբ կատարված քաղաքաշինական խախտումը շուրջ մեկուկես տասնամյակ Ծառուկյանին կառուցապատումը շարունակելու հնարավորություն չի տվել: Տարիներ շարունակ սեփականատերերը պայքարում էին, որ Ծառուկյանը վերացնի իրենց սեփականության նկատմամբ թույլ տված խախտումը։ Նա դա չի արել, բայց չի էլ կարողացել ավարտին հասցնել իր հերթական բիզնես-պրոյեկտը։
Շուրջ մեկուկես տասնամյակ Երեւանի Փոքր կենտրոնում այդ տարածքը պաստառապատված է եղել եւ փնթի վիճակում թողած։ Մայրաքաղաքի այդ հատվածը տուրիստական բանուկ վայր է, եւ այդ շինությունը նաեւ ոչ միայն խաթարել է Շառլ Ազնավուրի հրապարակի տեսքը, այլեւ անհարմարություններ է ստեղծել անցուդարձի համար։
Երեկ այցելեցինք այդ վայրը՝ հասկանալու համար՝ Երեւանի քաղաքապետարանը կառուցապատման համաձայնություն է տվել «Մուլտի գրուպի» կողմից թույլ տված խախտումը վերացնելո՞ւց հետո, թե՞ անտեսել է 2009 թվականի դատարանի որոշումը։ Մեր այցի ժամանակ կիսակառույցի վրա ակտիվ շինաշխատանքներ էին ընթանում, բայց հյուրանոցը նորից անթույլատրելի չափով մոտ էր թիվ 3/3 շենքին։ Նույնությամբ շարունակում էին բարձրացնել հաջորդ հարկերը։
Դա ավելի լավ էր երեւում հետեւի հատվածից, որն Աբովյան փողոցից նկատելի չէ։ Այսինքն՝ խախտումը վերացված չէր, հյուրանոցի այդ հատվածը չէր քանդվել, եւ սեյսմիկ կար կոչվող նորմը նորից անտեսվել էր։
Փորձեցինք Վոլոդյա Բեջանյանից պարզել, թե ինչպես է համաձայնել, որ Ծառուկյանն, իր շենքի նկատմամբ խախտումը չվերացնելով, շարունակի հյուրանոցի կառուցումը, եւ ինչու է դադարեցրել Ծառուկյանի դեմ պայքարը։ Կամ, միգուցե, տեսնելով, որ չի կարող հաղթել նրան, Դնոյի նման համաձայնությա՞ն է եկել։
Մեր զանգերին պատասխանեց նրա դուստրը եւ ասաց, թե երկար ժամանակ է՝ հայրը հիվանդ է, չի կարող խոսել, ինքը Բեջանյանի միակ ժառանգն է, եւ խոստացավ, որ թեմային կանդրադառնա ավելի ուշ։
Ամեն դեպքում Ծառուկյանին հաջողվել է լուծել իր խնդիրը, չվերացնելով խախտումը՝ շարունակել իր հյուրանոցի կառուցումը։ Բայց քաղաքապետարանը չի ցանկանում մեկնաբանել, թե ինչու է հրաժարվել դատարանի որոշումը կատարելուց եւ շինթույլտվություն տվել մի ընկերության, որը խախտումով էր սկսել կառուցապատումը։
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։