Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է, թե Արցախում հուսով են, որ հոկտեմբերի 31-ին տեղի ունենալիք եռակողմ գագաթնաժողովի արդյունքում կհաջողվի ամրապնդել այն տարրերը, որոնք վերաբերում են Արցախի ճակատագրին։
Հարությունյանը մասնավորապես նշել է, որ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելության անժամկետ երկարաձգման մասին որոշում են ակնկալում եռակողմ գագաթնաժողովից։ Ըստ նրա՝ Արցախում խաղաղապահների ներկայությունը կենսական նշանակություն ունի, քանի որ 2020 թվականի նոյեմբերից ի վեր Արցախի եւ նրա ժողովրդի անվտանգության համար պատասխանատվության էական բաժինը կրում են ռուս խաղաղապահները։
«Երկրորդ առանցքային պարամետրը Արցախի առնվազն ներկայիս կարգավիճակի պահպանումն է»,- գրել է Արցախի նախագահը։
Ըստ Արցախի նախագահի`թեպետ արցախցիները կցանկանային Արցախի անկախ կարգավիճակի միջազգային ճանաչման հասնել, սակայն հաշվի առնելով սահմանափակ հնարավորությունները՝ կարծում են, որ ներկա իրավիճակում ռուսաստանյան առաջարկություններն առավելապես համապատասխանում են այն նվազագույն չափանիշներին, որոնց շնորհիվ հնարավոր է դառնում ապահովել Արցախի անվտանգությունը, եւ կասկածի տակ չեն դնում նրա ապագան։
Հարությունյանն ընդգծել է, որ «Վալդայ» միջազգային ակումբի նիստի ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարությունը որոշակի հույսեր է ներշնչում, որ այդ նպատակները միանգամայն իրականանալի են։