Ամերիկյան Bloomberg գործակալությունից հայտնում են, որ Ուկրաինայում ռուսական բանակի ներխուժումից հետո Հայաստանը մոտ 5 անգամ ավելացրել է կենցաղային տեխնիկայի ներմուծումը Եվրամիությունից։ Ըստ Եվրոստատի արտաքին առեւտրի տվյալների բազայի՝ 2022-ի առաջին 8 ամիսների ընթացքում Հայաստանը 10 միլիոն 994 հազար դոլարի տեխնիկա է ներմուծել, մինչդեռ 2021-ի հունվար-օգոստոսին ձեռք էր բերել ընդամենը 2 միլիոն 225 հազար դոլարի տեխնիկա։
Մասնավորապես՝ 2022-ի ապրիլին ներմուծումը եղել է 889 հազար դոլար՝ 2021-ի ապրիլի 191 հազար դոլարի դիմաց, մայիսին այդ ցուցանիշը եղել է 1 միլիոն 353 հազար՝ 2021-ի մայիսի 357 հազար դոլարի դիմաց եւ այլն։ Միեւնույն ժամանակ աճել են ԱՊՀ երկրներից Ռուսաստան նույն ապրանքների մատակարարման ծավալները։
ԵՄ պաշտոնյաները ենթադրում են, որ տեխնիկական ապրանքներից մի քանիսի էլեկտրոնիկան կիրառվում է ռուսական սպառազինության մեջ: Ըստ ԵՄ մի շարք ներկայացուցիչների հայտարարությունների՝ Ուկրաինայում գրավված ռուսական տանկերում արեւմտյան տեխնիկայի միկրոչիպեր են հայտնաբերվել։
ԵՄ-ն սպառնում է առեւտրային սահմանափակումներ սահմանել ՌԴ-ին աջակցող երկրների, ներառյալ ՀՀ-ի դեմ
Բրիտանացի փորձագետները նշել են, որ ժամանակակից կենցաղային տեխնիկայում օգտագործվում են բավական մեծ հզորության միկրոպրոցեսորներ ու կարգավորիչներ, որոնք միանգամայն կարող են օգտագործվել որոշ տեսակի ռուսական սպառազինությունների մեջ:
Ռուսաստանի հասցեին նման մեղադրանքներով հանդես են եկել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը եւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը:
Ըստ Եվրահանձնաժողովի մամուլի քարտուղար Միրիամ Գարսիա Ֆերերի՝ ԵՄ-ն հետեւում է պատժամիջոցների հնարավոր շրջանցմանն ու պատրաստ է առեւտրային սահմանափակումներ սահմանելու Ռուսաստանին նման կերպ աջակցող երկրների նկատմամբ։