Անցած շաբաթ Հայաստանի Հանրապետության սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը կազմակերպել էր Հայկական համաշխարհային գագաթնաժողով, որին մասնակցում էին 600 ներկայացուցիչներ ավելի քան 50 երկրներից՝ Հայաստան, Չինաստան, Ֆրանսիա, Բրազիլիա, Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Ավստրալիա, Սիրիա, Արգենտինա, Կանադա, Ուզբեկստան, Եգիպտոս, Իսրայել, Ավստրիա, Իսպանիա, Շվեդիա, Կիպրոս, Հնդկաստան, Շրի Լանկա․․․
Գագաթնաժողովի մասնակիցները քննարկեցին ազգային անվտանգությանը, հայկական շահերի պաշտպանությանը, ռազմավարական կարեւորություն ունեցող ոլորտների զարգացմանը, հայրենադարձությանը, հայապահպանությանն ու Սփյուռքի ինքնակազմակերպմանն առնչվող հարցեր ու դրանց լուծման ուղիները։
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հույս հայտնեց, որ Համաշխարհային հայկական գագաթնաժողովի օրակարգում նախանշված ուղղությունները կապահովեն աշխույժ եւ արդյունավետ քննարկումներ, որոնց ընթացքում կլինեն բազում առաջարկներ եւ տարբեր ոլորտների զարգացմանը վերաբերող համապատասխան եզրակացություններ:
«Գագաթնաժողովը կոչված է բաց քննարկելու Հայաստանի եւ Սփյուռքի առջեւ ծառացած օրակարգային հարցեր՝ նախանշելու զարգացման նոր հնարավորություններ ու ռազմավարություններ, առանձնացնելու առաջնահերթություններ, գտնելու փոխշահավետ գործակցության ձեւաչափեր»,- ասաց Զարեհ Սինանյանը։
Հիշեցնենք՝ Մայր Աթոռն ու Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսարանը նախապես հայտնել էին՝ չեն մասնակցելու գագաթնաժողովին՝ ներկայացնելով իրենց մտահոգությունները։ Նրանք հայտարարել էին, որ չեն ներգրավվել գագաթնաժողովի կազմակերպչական աշխատանքներում, քանի որ հրավիրվել են ոչ թե Սփյուռքում գործող կազմակերպություններ, այլ միայն անհատներ։
«Գագաթնաժողովը տարակուսանք է առաջացնում մասնակիցների ընտրության հարցում, մասնավորաբար, համահայկական ավանդական կազմակերպությունների եւ ազգային կյանքում նշանակալի ավանդ ունեցող անձանց ներկայացվածության առումով: Հայաստանի եւ Արցախի առջեւ ծառացած մարտահրավերների համատեքստում անընկալելի են նաեւ քննարկման համար ընդգրկված նյութերը»,- հայտարարել էր Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը:
«Ալիք Մեդիա»-ի թղթակիցը ճեպազրույցի ընթացքում հարց ուղղեց Զարեհ Սինանյանին՝ ինչպե՞ս է նա վերաբերվում Մայր Աթոռի, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսարանների եւ ՀՅԴ-ի՝ գագաթնաժողովին չմասնակցելու փաստին։
Սինանյանը նշեց՝ երկու վեհափառների հետ էլ երկարատեւ հանդիպումներ է ունեցել, նրանցից յուրաքանչյուրը չգալու իր պատճառն է նշել։ Արամ Վեհափառն ասել է՝ պատմական այնպիսի ժամանակաշրջան է, որ, միգուցե, ճիշտ գաղափար չէ գագաթնաժողով անցկացնելը։
«Մենք սկզբունքորեն համաձայն չենք դրան, որովհետեւ հենց այս վտանգներով լի դժվար պահն ամենաճիշտն է, որպեսզի հավաքվենք։ Եթե ամեն ինչ լավ լինի, կարող ենք նախորդ համաժողովների նման հավաքվել, ուտել-խմել ու ցրվել։ Բայց հիմա ուտել-խմելու ժամանակը չէ, պետք է հավաքվենք, տեսնենք՝ ինչ ենք անում»,- ասաց Զարեհ Սինանյանը։
Անդրադառնալով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ զրույցին՝ Սինանյանը նշեց․ «Կառավարության հետ վատ հարաբերությունների թեման էր»։
Սինանյանը վստահ է՝ «Դաշնակցությունը» Սփյուռքում կարեւոր գործոն է, եւ դաշնակցականների բացակայությունն ինչ-որ բան պակաս է դարձնում գագաթնաժողովում։ Նա ընդգծեց՝ գագաթնաժողովին չմասնակցելու որոշումը կայացրել է «Դաշնակցությունը», եւ դրանով իրենք իրենց են վնասում։
«Անցած օրն էլ իրենց ղեկավարներից մեկն ասել էր՝ ես ստել եմ, ասել էր՝ մենք չենք հրավիրել կուսակցություններին։ Կրկնում եմ, երեւի ինքը լավ չի լսել նախորդ հինգ հարցազրույցների ընթացքում ասածներս․ մենք ոչ մի կազմակերպության չենք հրավիրել, քանի որ ոչ թե կազմակերպությունները, այլ անհատներն են մասնակցելու գագաթնաժողովին: Ես նամակ եմ ստանում կազմակերպությունից, ասում են՝ մեր գրասենյակը հրավեր չի ստացել։ Ասում ենք՝ պատճառն այն է, որ մենք Ձեր գրասենյակին չենք հրավիրել, բայց չէ՞ որ Դուք՝ որպես անհատ, հրավեր եք ստացել»,- ասաց Զարեհ Սինանյանը՝ վստահեցնելով՝ դաշնակցական անհատներն, իհարկե, հրավերներ ստացել են։
Ըստ Սինանյանի՝ Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ անջրպետ կա եւ միշտ եղել է, պարզապես անցյալում դա այլ ձեւով է արտահայտվել։
«Անցյալում լուռ պայմանավորվածություն է եղել՝ դուք մի քիչ փող եք տալիս մեզ, հիմնականում որպես բարեգործություն, աչք եք փակում ամեն ինչի վրա, Հայաստանի կործանման, գահավիժման, թուլացման եւ մեր ապագա պարտությունների պայմանների ստեղծման վրա, մենք էլ ձեզ մեդալներ ենք բաժանում, ձեզ գովաբանում ենք ու ասում ենք՝ ամեն ինչ շատ լավ է, ու այդպես մենք մեզ որոշ ժամանակով լավ ենք զգում»,- ասաց Սինանյանը։
Լրագրողների դիտարկմանը՝ իսկ մի՞թե նախկինում մեր երկրի վիճակն ավելի լավ չէր, մի՞թե պետությունն ավելի ուժեղ չէր, չէ՞ որ պատերազմում պարտությունը եւ դրան հաջորդած մյուս ցավալի իրադարձությունները եղել են հենց ա՛յս իշխանության օրոք, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը պատասխանեց՝ պատերազմում պարտության համար աշխարհի երեսին բոլոր հայերը մեղավորության բաժին ունեն։
«Սփյուռքը տարիներ շարունակ տեսել է, որ կոռուպցիա է եղել, մարդիկ միլիոնով հեռանում են երկրից, լավ կադրերը հեռանում են երկրից, բանակում անասելի պայմաններն է տեսել, որ չէր կարող նման բանակը դիմագրավել 21-րդ դարի մարտահրավերներին․․․ տեսել ու լռել են, ու եթե այս ամենը տեսնելով գնացել նկարվել են, հանդիպել, ուրախացել են, հետո վերադարձել են Սփյուռք եւ հայհոյել նույն ղեկավարներին, ուրեմն մեղավորություն ունեն»,- ասաց Սինանյանը։
Գագաթնաժողովի բանախոս, Ֆրանսիայի Վիեն քաղաքի փոխքաղաքապետ Լեւոն Սաքունցը ճեպազրույցի ընթացքում նշեց՝ Սփյուռքը մեծ ներուժ է, որը կարելի է եւ հնարավոր է ավելի ճիշտ օգտագործել։
«Կարծում եմ՝ Հայաստանի Կառավարությունը պետք է է՛լ ավելի կարեւորի Սփյուռքի դերը։ Բազմաթիվ պետություններում ունենք մեկական դեսպան, 2-3 հյուպատոս, միաժամանակ, ունենք հազարավոր փոքր «դեսպաններ»։ Նրանց հետ ճիշտ գործակցելու շնորհիվ Հայաստանը կունենա բոլորից տարբերվող արտաքին քաղաքականություն»,- եզրափակեց Լեւոն Սաքունցը։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։