Անահիտ Ավանեսյանը Արցախյան առաջին պատերազմում կորցրել է ամուսնուն եւ միայնակ է մեծացրել երեք դուստրերին:
«Դժվար կյանք ապրեցի, էրեխեքին մեծացրի, հինգ թոռան տեր դարձա, բայց պատերազմը ամեն ինչ զրոյացրեց: Կորցրի ապուպապերիս հողը, տունը, ամեն ինչ»,- պատմում է Ավանեսյանը:
Ծնվել, մեծացել, ամուսնացել է Հադրութի Տող գյուղում, որն այժմ Ադրբեջանի վերահսողության տակ է: Այս երկու տարիների ընթացքում հինգ տուն է փոխել. «Մեզ շատ են խաբել ու վիրավորել: Պատմելու էլ չէ: Մեր ընտանիքում տղամարդ չկա: Ամուսինս զոհվել է, աղջիկներս ամուսնալուծված են: Ես էլ տարիքս առել եմ, նոր կյանք կառուցելու համար թեւեր չունեմ»:
Ավանեսյանների ընտանիքն այժմ վարձով ապրում է Արարատի մարզի Զորակ գյուղում` հին ու անբարեկարգ տան մեջ:
Անահիտ Ավանեսյան. «Ասում են՝ Արցախում հադրութցիների համար շենք պետք է կառուցեն, բայց մի քար էլ չեն դրել»:
Անահիտը կարոտում է Հադրութի հայտնի թթուն. «Այստեղի մթերքով ու ջրով լրիվ ուրիշ համի է ստացվում»:
«Այստեղ 6-7 հոգով ենք ապրում, բայց աղջիկներիցս երկուսը Ստեփանակերտ են գնում-գալիս, երեխաները` նրանց հետ»:
«Փորձում ենք հարմարվել: Հիմա գոնե վարձով ենք ապրում, մենք մեր գլխի տերն ենք»:
Ընտանիքի միակ աշխատողը 38-ամյա Սվետլանան է:
Անահիտ Ավանեսյան. «Թեկուզ վարձով ենք ապրում, բայց փոքր ծառեր, թփեր ենք տնկել: Արցախցին առանց ծառ չի կարող»:
Սվետլանայի որդին` Գենադին, այժմ սովորում է Գեւորգյան հոգեւոր ճեմարանին կից Հառիճավանքի ավագ դպրոցում:
Անցած երկու տարում վեց դպրոց է փոխել:
Սվետլանա. «Գենան ընտանիքի միակ տղան է: Շատ ենք ուզում, որ լավ կրթություն ստանա եւ կարողանա իր համար ապագա ստեղծել»:
Վեց տարեկան Սառան այժմ ապրում է տատիկի եւ մորաքրոջ հետ: Մայրը Ստեփանակերտում է, փորձում է աշխատանք գտնել:
Աղջիկն օգնում է ընտանիքին, ասում է` սիրում է այգիով զբաղվել:
Անահիտ Ավանեսյան. «Շատերն ասում են՝ ձեզ ինչով օգնենք, ասում եմ` ինչ էլ անեք, ժամանակավոր է: Ինձ ոչինչ պետք չէ, իմ հին կյանքն ու տունն է պետք»:
Սվետլանա. «Ես փռում եմ աշխատում, փորձում եմ այլ գործ գտնել, բայց դեռ չկա»:
«Ինչքան ժամանակն անցնում է, զգում ենք, որ մեր խնդիրների մասին մոռանում են, ու ամեն ինչ սովորական է դառնում»:
Լրագրող, լուսանկարիչ, Խոսքի ազատության մրցանակի դափնեկիր։ Մասնակցել է լուսանկարչական ցուցահանդեսների ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) եւ ժնեւյան գրասենյակում, Եվրոպայի պալատում (Ստրասբուրգ), Փարիզում, Հռոմում, Բեռլինում, Վիեննայում եւ այլուր։