ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը բյուջեի նախագիծը ներկայացնելիս հայտնել է, որ 2023-ին պետական կապիտալ ծախսերի ¾ մասն ուղղվելու է պաշտպանության եւ անվտանգային ենթակառուցվածքների ֆինանսավորմանը։
«2023-ին պաշտպանության ոլորտի ծախսերը կլինեն 506 միլիարդ դրամ։ Դրանք 35%-ով գերազանցելու են 2022-ի բյուջեով սահմանված ցուցանիշները եւ հասնելու են ՀՆԱ–ի 5%-ին»,– նշել է Խաչատրյանը։
Սոցիալական ոլորտի ծախսերը եւս գերազանցելու են 2022–ի ցուցանիշները` հասնելով 648 միլիարդ դրամի, ինչը 2022-ի ցուցանիշից 10%-ով ավելի է։ Կրթության ոլորտի պետական ֆինանսավորումը կլինի 209 միլիարդ դրամ` 12%-ով գերազանցելով 2022-ի ցուցանիշը։ Առողջապահության ծախսերը կլինեն 149 միլիարդ դրամ, ինչը 4%-ով ավելի է այս տարվա առողջապահական ծախսերից։