ՔՊ կուսակցության 6-րդ համագումարի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե ՔՊ կուսակցության գործունեության արդյունքում ՀՀ-ն այսօր դասվում է աշխարհի ժողովրդավարական երկրների շարքին:
Եթե անկեղծ, այնքան էլ լավ չեմ պատկերացնում, թե ինչը նկատի ունի Փաշինյանը: ՔՊ-ի շնորհիվ իշխանություն փոխվել է, դա ճիշտ է: ՔՊ-ն անցկացրել է իսկապես ժողովրդավարական ընտրություններ, որն էլի քիչ չէ, բայց ՔՊ-ն դեռ իշխանություն չի կորցրել: Իսկ ժողովրդավարության գլխավոր ցուցիչը իշխանությունն առանց արյունալի կամ ռեպրեսիվ դիմադրության զիջելն է:
Ա՛յ այստեղ մի փոքր խնդիր կա:
Վանաձորի ավագանու ընտրություններում ո՞վ հաղթեց՝ Մամիկոն Ասլանյանի դաշինքը: Ո՞ւր է հիմա Մամիկոն Ասլանյանը՝ քրեակատարողական հիմնարկում: Ես չեմ վիճարկում նրա դեմ քրեական գործը: Նա, ի վերջո, հանրապետականների հետ է երկար ժամանակ տվել-առել: Բայց նա ձերբակալվեց, հենց հաղթեց ՔՊ-ին: Եվ չնայած դրան՝ քաղաքապետ նշանակվեց քրեական ճչացող անցյալով հայտնի Արկադի Փելեշյանը:
Վեդիում ի՞նչ տեղի ունեցավ անցյալ տարվա վերջին: ՔՊ-ն չհաշտվեց, որ իր կոկորդիլոսագետը չդարձավ քաղաքապետ ու ինքնաբացարկ հայտնեց ընտրություններից հետո: Երկրորդ անգամ հայտարարված ընտրություններում ամեն ինչ արեցին, որ հաղթի կոկորդիլոսագետը:
Սիսիանում չորս տարվա բոլորովին նոր արժեքներով իշխանության համբավ ունեցող ՔՊ-ն քաղաքապետ է նշանակում Հանրապետականի կառավարման դպրոց անցած մարդուն, որի հորեղբայրը նույնպես քաղաքապետ է եղել: Բայց սա «ուչաստկովիի» մակարդակի ժողովրդավարություն է, որին դեռ ոչ մի լուրջ քննության առաջ չեն կանգնեցրել:
ՔՊ-ն հաղթում է առանց բռնությունների: Սա չի վիճարկվում: Բայց խնդիրն այն է, որ ՔՊ-ն Հայաստանում դեռ իշխանություն չի կորցրել ու շատ նյարդային է տանում իշխանության նվազագույն կորուստն անգամ համայնքային մակարդակով:
Ինչ վերաբերում է Հայաստանին աշխարհի ժողովրդավարական երկրների շարքին դասելուն: «Ժողովրդավարության, օրենքի գերակայության, դատական իշխանության անկախության միջազգային ռեյտինգներում Հայաստանը շատ դեպքերում նույնիսկ առաջ է ԵՄ-ի շատ երկրներից»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Կարծես թե վիճելու տեղ էլ չկա: Բայց ի՞նչ է ժողովրդավարությունը մի տարածաշրջանում, որտեղ պետության առաջին դեմքերը երկու օրը մեկ ասում են՝ Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանից գրավելու նոր տարածքներ: Ո՞ւր է քո գոյության անվտանգության երաշխիքը, որը կարելի է զարդարել ժողովրդավարությամբ: Այո՛, այն չափազանց, հույժ անհրաժեշտ արժեք է պետության համար, բայց ժողովրդավարության քո իմունիտետը զրոյացված է, երբ ջերմուկցին ու կապանցին այլեւս անվտանգ չեն, մինչդեռ Արսեն Թորոսյանն արդեն գիտի՝ ժողովրդավարությունը չի կերակրում, իսկ ձկան բիզնեսը կերակրում է: Համենայնդեպս այն հողերում, որոնց վրա ադրբեջանցին աչք չունի:
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: