Ըստ «Ուկրաինսկայա պրավդա» գործակալության՝ ուկրաինական «Էներգոատոմ»-ից հայտնել են, որ Ուկրաինա ներխուժած ռուս զինվորականների «հանցավոր գործունեության հետեւանքով» Զապորոժիեի ատոմակայանում ստեղծվել է մի իրավիճակ, որը կարող է հանգեցնել բնապահպանական աղետի։ ՌԴ զինված ուժերը, ըստ աղբյուրի, ոչնչացնում են ատոմակայանի աշխատանքի բնապահպանական կարեւոր բաղադրիչը։
Բանն այն է, որ էներգաբլոկների աշխատանքի դադարեցման պատճառով տաք ջուրը չի հասնում ԶԱԷԿ-ի արհեստական սառեցնող լճակ։ Արդյունքում ջրի ջերմաստիճանն իջել է՝ հասնելով +13-ի։
Դա հանգեցրել է լճակում ձկների զանգվածային ոչնչացման։ Ներկայում լճակում բուծվում են երկու՝ տաքջրյա թիլապիա եւ ասիական լոքո ձկնատեսակներ։ Դրանք լճակում սկսել են բուծել 25 տարի առաջ՝ ջրի էկոլոգիական մաքրությունն ապահովելու նպատակով։ Ձկները սանիտարի գործառույթ են կատարում՝ ոչնչացնելով ջրիմուռներն ու ապահովելով կայանի տուրբինի էլեկտրակուտակիչի (կոնդենսատորի) սառեցնող փողակների մաքրությունը։
«Նպաստավոր պայմաններում, երբ ձմռանը ջերմաստիճանը երբեք չէր իջնում +18-ից, ձկները բազմացել են: Հետեւաբար, եթե մոտակա ժամանակներում սառեցնող լճակում ջերմաստիճանը չբարձրանա, ափ դուրս կնետվեն շուրջ 1000 տոննա սատկած ձկներ»,- նշված է «Էներգոատոմ»-ի հայտարարությունում։