ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը հայտնել է, որ ՀՀ ոստիկանությունը դպրոցներում, խանութներում եւ այլ օբյեկտներում տեսանկարահանումներ իրականացնելու իրավունք կստանա։
Ըստ օրինագծի՝ այդ առեւտրային եւ ուսումնական հաստատությունները, դեղատներն ու մի շարք այլ ձեռնարկություններ, ինչպես նաեւ քաղաքային հաստատությունները պետք է իրենց տարածքներում տեսախցիկներ տեղադրեն։ Ոստիկանությունն էլ դրանց հասանելիություն կստանա իր «Տեսա- եւ լուսանկարահանման համակարգեր» նոր կազմակերպության միջոցով։
Ոստիկանությունը կկարողանա վերլուծել դրանց տվյալները` օգտագործելով դեմքի եւ մեքենաների ճանաչման սոֆթերը։
Նման համակարգի ֆինանսավորման եւ տեխնիկական աջակցության շուրջ բանակցություններ են ընթանում միջազգային կազմակերպությունների հետ։ Փորձնական ծրագիրը ցանկանում են սկսել Արմավիրի մարզից` հաշվի առնելով այնտեղի քրեական իրավիճակն ու Երեւանին մոտ լինելը։ Դրանից հետո տեսանկարահանման համակարգը կկիրառվի նաեւ Երեւանում եւ ամբողջ հանրապետությունում։