ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր–Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը մեկնաբանել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի` Տեր-Պետրոսյանի վերաբերյալ հայտարարությունը:
Սաղաթելյանն այսօր ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը մեկ անգամ եւս վերահաստատել է երկիրը կապիտուլյացիայի տանելու իր նախկին մոտեցումները։ «Իհարկե, նրանք փորձում են տարանջատվել Նիկոլից, բայց այն գաղափարախոսությունն ու գործողությունները, որ անում են, մեկ անգամ եւս փաստում են դա»,- պնդել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը։
Մուսինյանը Սաղաթելյանին հիշեցրել է, որ Հայ հեղափոխական դաշնակցությունն իր ողջ խմբակցությամբ քվեարկել էր Նիկոլ Փաշինյանին վարչապետ դարձնելու որոշման օգտին:
«Միակ բացառությունը եղել է Աղվան Վարդանյանը, որին այդ պատճառով հեռացրել են Դաշնակցությունից: Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը նույնիսկ հրապարակայնորեն քննադատվել է «հեղափոխությունը» չողջունելու համար»,- ընդգծել է Մուսինյանը:
ՀՅԴ-ն բազում առիթներով ծափահարել է Փաշինյանի ոչմիթիզական քաղաքականությանը
Լեւոն Տեր–Պետրոսյանի մամուլի խոսնակը հիշեցրել է, որ ՀՅԴ–ն Նիկոլ Փաշինյանի կոալիցիոն կառավարության մաս է կազմել, եւ Իշխան Սաղաթելյանին այդ գործարքի շնորհիվ բաժին է ընկել հայրենի Գեղարքունիքի մարզպետի պաշտոնը: Կոալիցիոն կառավարության մաս կազմելով` Դաշնակցությունը պատասխանատվություն է ստանձնել Նիկոլ Փաշինյանի արցախյան քաղաքականության համար։
«Կոալիցիայից դուրս գալուց հետո ՀՅԴ-ն բազում առիթներով ծափահարել է Նիկոլ Փաշինյանի արցախյան քաղաքականությանը՝ գերագույն էքստազ ապրելով նույն Փաշինյանի ոչմիթիզական, հակաբանակցային, հակապետական ու ազգակործան դիրքորոշումներից»,- շեշտել է Մուսինյանը։
Նա հավելել է, որ հիմա Դաշնակցության եւ ՔՊ-ի միջեւ ընթացող ներտեսակային ուրացումների սուր շրջան է, եւ Իշխան Սաղաթելյանը փորձում է ազատվել իրենց «հալալից»:
Փաստերը հաղթում են աղմուկին ու կեղծիքին
«Բայց պատմաբան Սաղաթելյանին պիտի հայտնի լինի, որ փաստերը հաղթում են աղմուկին ու կեղծիքին: Ինչքան էլ Իշխանը փորձի թպրտալ»,- նշել է առաջին նախագահի մամուլի խոսնակը:
Վեհափառի նախաձեռնած գործընթացում նախագահ Տեր-Պետրոսյանի արտահայտած դիրքորոշման վերաբերյալ Մուսինյանը շեշտել է, որ պետության ծանրագույն պահերին Տեր-Պետրոսյանը մշտապես որդեգրել է դիրքորոշում, որը բխում է պետության շահերից՝ անկախ նրանից, թե որ անձը կշահի դրանից: Մասնավորապես՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, երբ կոչ արեց համախմբվելու նախագահի շուրջ. 2016-ի ապրիլյան պատերազմից առաջ՝ խորհրդապահական խողովակով, իսկ պատերազմից հետո՝ նաեւ հրապարակավ:
«Հետեւելով Իշխան Սաղաթելյանի «տրամաբանությանը», ապա նույն հաջողությամբ Տեր-Պետրոսյանի հոգեզավակներ պետք է հռչակվեն Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: Մի տեսակ անհարմար բան է ստացվում Իշխան Սաղաթելյանի համար: Նաեւ այն պատճառով, որ այդ պարագայում Իշխանն էլ, ստացվում է, Տեր-Պետրոսյանի հոգեթոռն է, ով դեռ պետք է մեծանա, աճի ու սերտի լիքը բաներ։ Մասնավորապես սովորի, որ չիմացած բաներից չեն խոսում, որ խայտառակ չլինեն»,- եզրափակել է առաջին նախագահի մամուլի խոսնակը։