ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) աշխատակազմի ղեկավար Լիլիթ Միրզախանյանը հայտարարել է, որ կառույցը պատրաստվում է ոչնչացնելու «Նաիրիտ» գործարանի քիմիական նյութերը։
ԱԻՆ-ը 35 քիմիական նյութ ոչնչացնելու համար միջոցներ տրամադրելու համար արդեն դիմում է ներկայացրել ֆինանսների նախարարություն։ Դրանց պաշարները պահվում են գործարանում։ 34 նյութ կարելի է ոչնչացնել հայտնի մեթոդներով, սակայն հայտնի չէ, թե «լաքեթինոլ» անվամբ նյութից ինչպես կարելի է ազատվել։ Միրզախանյանը նշել է, որ նման տեխնոլոգիայի չեն տիրապետում անգամ արտասահմանյան մասնագետները, դրա համար շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում (ՇՄԱԳ) է անհրաժեշտ։
«Հայաստանցի գիտնականները զբաղվում են լաքեթինոլի ոչնչացման տարբերակ գտնելու հարցով, այդ խնդրով դիմել ենք նաեւ միջազգային տարբեր կազմակերպություների։ Լաքեթինոլի ինքնայրումը պայթյուն կարող է առաջացնել»,– նշել է Միրզախանյանը։
Իր հերթին ԱԺ պատգամավոր Գեւորգ Պապոյանը հայտարարել է, որ պետությունը պետք է մի քանի տասնյակ մարդ պահի, որոնք պատասխանատու են վտանգավոր նյութերի պահպանման պայմանների համար եւ պետք է հետեւեն, որ քիմիական նյութերը +32–ից բարձր ջերմաստիճանում չբռնկվեն կամ չպայթեն։