Ըստ Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռաիսիի՝ իրանական նավթի արտահանման ծավալները մոտենում են Իսլամական Հանրապետության նկատմամբ ԱՄՆ-ի՝ կրկնակի պատժամիջոցներ սահմանելուն նախորդած ժամանակահատվածի ցուցանիշներին։
Իրանական համալսարանների դեկանների հետ հանդիպման ժամանակ նախագահ Ռաիսին ասել է․ «Հակառակորդն ուղիղ տեքստով հայտարարում էր, որ կփորձի իրանական նավթի վաճառքը զրոյացնել։ Սակայն այսօր իրանական նավթի արտահանման ծավալները մոտենում են 2018 թվականի նախասանկցիոն շրջանի ծավալներին»։
Իրանի նախագահը նաեւ ասել է, որ Իրանի դեմ շատերն են փորձել դավեր նյութել, խաթարել իրանական ժողովրդի գիտական, տեխնոլոգիական, արդյունաբերական առաջընթացը, մեկուսացնել Իսլամական Հանրապետությունը, սակայն այդ փորձերը մշտապես ձախողվել են եւ ի սկզբանե դատապարտվել անհաջողության։
Իսկ ահա Իրանի արդյունաբերության, հանքերի եւ առեւտրի նախարարության խոսնակ Օմիդ Գաիբաֆն էլ հայտարարել է, որ սեպտեմբերի 21-ից հոկտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում իրանական արտահանման ոչ նավթային սեկտորի աճը եղել է 25 տոկոս։ Նույն ժամանակահատվածի համար ներկրումը աճել է 30 տոկոսով՝ կազմելով 5,7 միլիարդ դոլար։
Ըստ Mehr լրատվական գործակալության, ընթացիկ տարվա մարտի 21-ից հոկտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում, այսինքն՝ յոթ ամսվա կտրվածքով, Իսլամական Հանրապետության արտաքին առեւտրի ծավալը եղել է 60 միլիարդ դոլար։
Պատրաստեց Արման Գրիգորյանը