Միացյալ Նահանգների Գերագույն դատարանը մերժել է ԱՄՆ դատարաններում դատական գործընթացները դադարեցնելու վերաբերյալ Անկարայի դիմումը, որն առնչվում է ավելի քան հինգ տարի առաջ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքին:
2017-ի մայիսի 16-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցի ժամանակ նրա թիկնապահները բռունցքներով ու ոտքերով ծեծել էին Էրդողանի եւ Թուրքիայի ժխտողական քաղաքականության դեմ բողոքելու եկած ցուցարարներին, որոնց մեջ եղել են նաեւ հայ համայնքի ներկայացուցիչներ:
Անկարան պնդում է, թե ամերիկյան օրենսդրությունը պաշտպանում է օտարերկրյա պետություններին դատական հայցերի մեծ մասից: Մինչդեռ ԱՄՆ Գերագույն դատարանից նշել են, որ պաշտպանության այդ միջոցները չեն տարածվում նման գործերի վրա:
ԱՄՆ արդարադատության նախարարությունից էլ պարզաբանել են, որ նման պարագայում Թուրքիայի դեմ միանգամայն կարող է հայց ներկայացվել, քանի որ Անկարան իրավական անձեռնմխելիություն չունի։