Անի Հովսեփյանի ընտանիքը 2006-ին Գյումրիից տեղափոխվեց Արցախ՝ Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաք։ 2010-ին Անին ամուսնացավ ու տեղափոխվեց Աղավնո։ 16 տարի Բերձորում է ապրել, 12 տարի՝ Աղավնոյում։ Ասում է՝ աշխարհում բոլոր բնակավայրերից առանձնանում է Աղավնոն․ ոչ մի գյուղ կամ քաղաք համեմատելի չէ նրա հետ։
2022 թվականի օգոստոսի 4-ին Արցախի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Աղավնո էր գնացել ու տեղեկացրել՝ օգոստոսի 25-ին ռուսները դուրս են գալու, ազերիներն են մտնելու գյուղ։
Անիի ընտանիքն այժմ ապրում է Էջմիածնում վարձով։ Չեն կարողանում հարմարվել նոր միջավայրին։ Անին Աղավնոյի իրենց տնից որոշ իրեր է բերել, տեղավորել վարձով տան մեջ։ Աղավնոյից բերած վարագույրն է կախել, որ Աղավնոյի տան ջերմությունը զգան, բայց ոչինչ այլեւս առաջվանը չէ․․․ Աղավնոյում ուրիշ էր, գյուղի բնակիչները մի ընտանիքի պես էին, մեկն ապրում էր մյուսի ցավով, ուրախանում մյուսի ուրախությամբ։ Ոչ մի բնակավայր չի փոխարինի Աղավնոյին․․․
«Որոշ իրեր ճամպրուկներով Երեւան բերեցինք։ Իսկ ի՞նչ ճամպրուկի մեջ տեղավորեի Աղավնոյում ապրած լավ օրերը, մեր հուշերը…»,- ասում է Անին։
Դպրոցահասակ երեխաները՝ 11-ամյա Հայկը, 8-ամյա Նատալին, նոր դպրոցին դեռ չեն հարմարվել, իսկ երրորդ երեխան՝ 3-ամյա Ալենը, դեռ մանկապարտեզ չի հաճախում։
«Մեծ տղաս սկզբում մեկուսացել էր, չէր ուզում տնից դուրս գալ։ Զրուցեցի նրա հետ, բացատրեցի, որ հիմա մեր կյանքը փոխվել է, առայժմ Էջմիածնում պետք է ապրենք, հետո կտեսնենք՝ ինչ կլինի»,- ասում է Անին։
Կարոտում է հարազատ Աղավնոն։ Մինչեւ հիմա գյուղի մասին խոսելիս աչքերը լցվում են, ասում է՝ չի կարողանում հավատալ, որ իրենց կյանքն այսպես գլխիվայր շրջվեց։ Բարեկեցիկ, խաղաղ կյանքից հետո հայտնվել են անտունի կարգավիճակում։ Ամուսինը Աղավնոյի դպրոցում վարորդ էր: Անին մասնագիտությամբ իրավաբան է, սկզբում որպես հաշվապահ Բերձորում էր աշխատում, իսկ պատերազմից հետո Աղավնոյի դպրոցում փոխարինող ուսուցիչ էր․ տեխնոլոգիա, կերպարվեստ, երաժշտություն էր դասավանդում, 7-րդ դասարանի դասղեկն էր։
«Միանգամից սիրեցի իմ աշխատանքը, երեխաներին․․․ Աշակերտներս մինչեւ հիմա զանգում են ինձ, Ուսուցչի տոնի կապակցությամբ էլ բազմաթիվ զանգեր ստացա․․․ Ես կարոտում եմ մեր Աղավնոն, տունը, օդը, հողը, մարդկանց․․․ Շատ թանկ բաներ կորցրինք, մեր հայրենիքն ու կյանքի մասնիկը կորցրինք»,- հուզմունքը զսպել չկարողանալով՝ ասում է Անին։
Հայրը 1991-1992 թվականներին մասնակցել է Արցախյան պատերազմին։ Հետո սիրահարվել է Արցախին ու կամավորության հիմունքով աշխատանքի անցել, մասնակցել Քաշաթաղի շրջանի վերաբնակեցման կազմակերպչական աշխատանքներին։
«Ավելի ուշ հայրս Քաշաթաղի շրջանի վերաբնակեցման վարչության պետի տեղակալ դարձավ։ Հիմա հայրս ու մայրս էլ մեր տանն են՝ Էջմիածնում։ Հորս վիճակը շատ ծանր է։ Շփվող, կենսախինդ մարդ էր, բայց հիմա միշտ լուռ է, շատ քիչ է խոսում։ Քաշաթաղի վերաբնակեցման գործում իր կյանքն էր դրել, ապրում էր վերաբնակեցման ծրագրով, այդ ոլորտում գրանցված ամեն հաջողությամբ»,- ասում է Անին։
Հիմա Անիի ընտանիքում յուրաքանչյուրը սրտի մի անկյունում նույն երազանքն է փայփայում՝ վերադառնալ հարազատ Աղավնո, ապրել ու արարել Աղավնոյում․․․
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։