Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, թե «ՀԱՊԿ-ին էլ է պետք ներքաշել» հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման մեջ: Ընդամենը մի քանի օր առաջ նա ՀՀ վարչապետին իր (Լուկաշենկոյի-Մ. Ա.) բարեկամ Իլհամ Ալիեւի հետ լեզու գտնելու կոչ էր անում: Իսկ հիմա ասում է, թե ՀԱՊԿ-ն էլ պետք է իր խոսքն ասի:
Իսկ ի՞նչ է առաջարկում Բատկան: Նա առաջարկում է ամեն ինչ անել, որ Հայաստանը այլ միջնորդների փնտրտուքի մեջ չթպրտա: Իսկ ի՞նչ կարող է անել ՀԱՊԿ-ը: Նա կարող է «խոսել» Իլհամ Ալիեւի հետ, որ համը շատ չհանի: Կարող է խոսել, բայց խանգարել չի կարող: Որովհետեւ Ալիեւը չափազանց բարեկամ է ՀԱՊԿ բոլոր երկրների հետ՝ առանձին վերցրած: Իսկ Հայաստանը՝ так себе:
Նոյեմբերի 23-ին Երեւանում սպասվում է ՀԱՊԿ նիստ, որտեղ քննարկելու են Հայաստանին օգնություն տրամադրելու կարգը եւ տարբերակները: Ոնց էլ պատկերացնենք այդ օգնության տրամադրումն ու կարգը, դրանք խորհրդապահական գործառույթներից ավելին չեն լինի, որովհետեւ Ադրբեջանը հազիվ թե իր ձեռք բերածից ավելիին հավակնի գոնե ձմռան ընթացքում:
Դժվար է ասել, թե որը կլինի Եվրոպայի արձագանքը բոլոր այս պայմանավորվածություններին, բայց ստեղծվում է մի իրավիճակ, որտեղ գործողությունների ազատության ավելի մեծ դաշտ է բացվում Ադրբեջանի համար, որին Արեւմուտքը հազիվ թե շատ նեղացնի, եթե Հայաստանը կրկին հայտնվում է ռուսական ազդեցության դաշտում:
Այլ հարց է, թե պաշտոնական Երեւանը ինչպես է ձեւակերպում իր շահը ռուսական ազդեցության դաշտ վերադառնալու համար: Կամ եթե ոչ շահը, ապա անզորությունը այդ ազդեցությունից դուրս գալու: Բանն այն է, որ այդպիսի ձեւակերպումներ չկան: Վերջին ժամանակներս Հայաստանը խոսել է միայն հակամարտության կարգավորման գործում ռուսների դիտավորյալ անգործության մասին: Որից հետո հակամարտության լուծման ուղիներ է փնտրել Արեւմուտքի օգնությամբ:
Այնուամենայնիվ, Սոչիի հանդիպման բարդությունից դատելով, Հայաստանը, որքան էլ տարօրինակ հնչի, Ռուսաստանին շանս է տալիս: Կամ գուցե այլ ընտրություն չունի (Փաշինյանն ավելի լավ կիմանա): Գուցե դա պայմանավորված է նաեւ Ստեփանակերտի խիստ բազմամարդ հանրահավաքով, որի մասնակիցների ճակատագիրը Հայաստանին խորթ չէ:
Այսօր ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն այն հարցն է, որը պետք է թողնել ապագա սերունդներին: Հայաստանի ականջին այսպիսի հայտարարությունը խորթ չի հնչում: Սա հենց ստատուս քվոն է: Այսինքն՝ կողմերը պայմանավորվել են ստատուս քվոն պահպանելու մասին: Բայց արդյո՞ք դա հակամարտությունն ընդամենը սառեցնելու մասին չէ, որում այն գտնվում էր մինչեւ 44-օրյա պատերազմը:
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: