Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից (ԶԱՀ) հայտնել են, որ հիմնադրամը հոկտեմբերի 13-31-ը նոր հատուցումներ է տրամադրել 102 զոհված, անհայտ բացակայող ճանաչված կամ զինհաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների դեպքերով, որոնցից 93-ը՝ սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակման եւ դրանից հետո տեղի ունեցած զարգացումների հետեւանքով:
Նոյեմբերի 2-ի դրությամբ՝ հիմնադրամի շահառուների ընդհանուր թիվը 4957 է։ Հիմնադրամն այդ դեպքերի մասով կատարել է 67,4 միլիարդ դրամի հատուցում։
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը 2017-ին հիմնել է ՀՀ կենտրոնական բանկը՝ հայրենիքը եւ նրա սահմանները պաշտպանելիս զոհված, անհայտ բացակայող ճանաչված, 1-ին եւ 2-րդ խմբի զինհաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին եւ նրանց ընտանիքներին կայուն, արդար ֆինանսական հատուցում տրամադրելու նպատակով:
Հիմնադրամի միջոցները գոյանում են Հայաստանում եւ Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից՝ մինչ օրս մոտ 80,3 միլիարդ դրամ, կամավոր նվիրաբերություններից՝ ներկա դրությամբ 11,8 միլիարդ դրամ, որոնք ստացվում են Սփյուռքից, ինչպես նաեւ ԶԱՀ-ի ակտիվների կառավարումից ստացված եկամուտներից` շուրջ 8,7 միլիարդ դրամ։