Ըստ ադրբեջանական «Թուրան» գործակալության՝ Ադրբեջանի անվտանգության պետական ծառայությունը հայտարարել է երկրում Իրանի հատուկ ծառայությունների վերահսկողության տակ գործող զինված խմբավորման բացահայտման մասին։
Հայտարարությունում նշվում է, որ խմբավորման պարագլուխները, որոնց հետախուզում են Ադրբեջանի իրավապահները, գործել են կրոնական գաղափարախոսության քարոզչության քողի տակ եւ ներկայում թաքնվում են Իրանում:
«Գերատեսչությունը բազմակողմանի քննություն է իրականացնում Ադրբեջանի քաղաքացիներին երկրից դուրս զորավարժություններում գաղտնի կերպով ներգրավելու եւ պետական անվտանգության շահերի դեմ օգտագործելու նպատակով ֆինանսավորելու առնչությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը պնդում է, որ զինված խմբավորման հավաքագրած անձինք նախ տեղափոխվել են Իրան, այնուհետեւ ռազմական պատրաստություն անցնելու նպատակով կեղծ փաստաթղթերով ուղարկվել են Դամասկոս։
Պաշտոնական Թեհրանը դեռեւս չի արձագանքել Բաքվի մեղադրանքներին։