Վարչապետ Փաշինյանը ԱԺ-ում հայտնել է, որ հոկտեմբերի 31-ին Հայաստանն առաջարկել է՝ հենց Սոչիում որոշում ընդունվի ԼՂ–ում տեղակայված ՌԴ խաղաղապահների մանդատն անորոշ ժամանակով երկարացնելու վերաբերյալ, սակայն առաջարկն այս փուլում չի ընդունվել։ Ըստ Փաշինյանի` հարցը սակայն դարձել է օրակարգային։
Ռուս քաղաքագետ, ИМЭМО РАН հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի կովկասյան հատվածի ղեկավար Վադիմ Մուխանովը հայտարարել է, որ ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբին ներկայում այլընտրանք չկա։
Ըստ Մուխանովի՝ ԼՂ-ում ռուսական զորախմբի գտնվելու հարցում կայուն հետաքրքրություն կա։ Նրա համոզմամբ՝ զորախումբը կատարում է իր առջեւ դրված խնդիրների շատ լայն շրջանակ։Նա վստահ է, որ եթե մինչեւ 2025 թվականը հակամարտության կողմերը սատարեն եւ շահագրգռված լինեն զորախմբի շարունակական գործունեությամբ, Մոսկվան պատրաստ է շարունակել կրել պատասխանատվության այդ բեռը եւ զգալի զորակազմ պահել ԼՂ-ում։
ИМЭМО РАН -ի տնօրեն Ֆյոդոր Վոյտոլովսկին իր հերթին հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների գտնվելու ժամկետի ավարտին մնացել է 2,5-3 տարի, որի ընթացքում կարելի է շատ բան անել եւ շատ բան պայմանավորվել։ Այնուամենայնիվ, ըստ նրա՝ 2025-ին այս ժամկետը չերկարացնելու համար բոլոր կողմերից անհրաժեշտ են հիմնավոր պատճառներ։ Վոյտոլովսկին համոզմունք է հայտնել, որ խաղաղապահների մնալու համար հիմնավոր պատճառներ կունենան առնվազն երկու կողմերը։
Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը նախօրեին հայտարարել էր, որ ԼՂ կարգավիճակի հարցըն արժե թողնել հաջորդ սերունդներին, երբ բոլոր կողմերին ձեռնտու արդար որոշման համար պայմաններ կստեղծվեն։