Իսրայելում նոյեմբերի 1-ին խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներով առաջատարը նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորած «Լիքհուդ» կուսակցությունն է։ Իսրայելի խորհրդարանի՝ Քնեսեթի 120 մանդատներից «Լիքհուդը» ամենայն հավանականությամբ կստանա 30 կամ 31 մանդատ։ Փորձագետները նշում են, որ Նեթանյահուի աջ-կրոնամետ քաղաքական ճամբարը նոր Քնեսեթում կլինի առաջատար, որին կաջակցի 61 կմ 62 պատգամավոր։
Երկրորդ տեղում գործող վարչապետ Յաիր Լափիդի «Եշ աթիդ» կուսակցությունն է, որը կստանա 22-24 մանդատ։
Առաջատար եռյակը եզրափակում է Բեցալել Սմորտիչի եւ Իթամար Բեն-Գվիրի «Կրոնական սիոնիզմը», որը նոր Քնեսեթում կունենա 14 կամ 15 մանդատ։
Ըստ Իսրայելի օրենսդրության՝ առջեւում քաղաքական խորհրդակցություններն են՝ նոր կառավարություն ձեւավորելու համար՝ ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից հետո։ Դրանք կհրապարակվեն ընտրություններից հետո մեկ շաբաթվա ընթացքում, մասնավորապես նոյեմբերի 3-ին։
Ինչպես եւ կանխատեսելի էր, քաղաքական հիմնական պայքարը ծավալվելու է նախկին վարչապետ Նեթանյահուի եւ գործող վարչապետ Յաիր Լափիդի միջեւ, որի գլխավորած քաղաքական ճամբարում կան ե՛ւ աջակողմյան, ե՛ւ ձախակողմյան կուսակցություններ։ Նոր կառավարության ձեւավորման համար Իսրայելի օրենսդրությունը առաջատար քաղաքական ուժի ղեկավարին հատկացնում է 4 շաբաթ ժամանակ։
Վերջին 3,5 տարում սա Իսրայելում 5-րդ խորհրդարանական ընտրությունն է, որն աչքի է ընկել բարձր մասնակցության ցուցանիշով։ Մասնակցությունը եղել է 66,3 տոկոս, որն ամենաբարձր ցուցանիշն է 1999-ից սկսած։
Պատրաստեց Արման Գրիգորյանը