Կառավարությունն այսօրվա նիստում պատրաստվում է մաքսատուրքից ազատվելու արտոնություն տրամադրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Մուլտի տաբակ» ընկերությանը։
«Բավարարել «ՄՈՒԼՏԻ ՏԱԲԱԿ»-ի կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի եւ (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար եւ սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի եւ (կամ) նյութերի նկատմամբ»,- նշված է նախագծում:
«Մուլտի տաբակ» ընկերությունը ներմուծել է 162 մլրդ 600 մլն դրամի հումք եւ նյութեր։ Օրինակ՝ 80 մլրդ դրամի կտրտված ծխախոտ, 4 մլրդ 840 մլն դրամի ծխախոտի թուղթ, 30 մլրդ 100 մլն դրամի ֆիլտրի ձող, 38 մլրդ 500 մլն դրամի էթիկետ եւ այլ ապրանքատեսակներ։ Ահա այս ներմուծումն է Կառավարությունը պատրաստվում ազատելու մաքսատուրքից։
«Մուլտի տաբակ» ընկերությունը գրանցվել է հեղափոխությունից հետո՝ 2019 թվականի մարտին։ Գրանցման հասցեն է՝ Արգիշտի 9։ Սա Ծառուկյանին պատկանող «Երեւանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի»՝ հանրահայտ «կանյաչնիի հասցեն է, որտեղ նաեւ ԲՀԿ-ի գրասենյակն է։
Համացանցում «Մուլտի տաբակ» ընկերության մասին շատ քիչ տեղեկություններ կան, ընդամենը հայտարարություններ են, որ աշխատողներ է փնտրում, վայրը՝ Առինջ գյուղ։ Ընկերությունը նոր է սկսում աշխատանքը։
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։