ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի ընդունել «Ուկրաինայում ԱՄՆ կենսալաբորատորիաների գործունեությունը» հետաքննող հանձնաժողով ստեղծելու մասին Ռուսաստանի բանաձեւի նախագիծը։
Պաշտոնական Մոսկվայի պնդմամբ «Ուկրաինայում Միացյալ Նահանգների գաղտնի լաբորատորիաներում» զբաղված են կենսաբանական զենքի մշակմամբ: Վաշինգտոնը եւ Կիեւը կտրականապես հերքում են ռուսական կողմի մեղադրանքները:
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ նախագիծը չի ստացել պահանջվող 9 ձայնը ՄԱԿ ԱԽ անդամ 15 երկրներից։ Կողմ են քվեարկել Ռուսաստանը եւ Չինաստանը։ Ռուսական նախագծին դեմ են քվեարկել ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ մյուս երկրները ձեռնպահ են քվեարկել։
ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին հայտարարել է, որ Ռուսաստանը հիասթափված է քվեարկության արդյունքներից։