Հոկտեմբերին 2021 թվականի հոկտեմբերի համեմատ Հայաստանում գրանցվել է 9․5 տոկոս գնաճ։ Բնակչությանը հետաքրքրող ապրանքային խմբերից ամենաշատը թանկացել է սննդամթերքը՝ 12․5 տոկոսով։
Ազգային վիճակագրական կոմիտեի՝ այսօր հրապարակած տվյալների համաձայն՝ մեր բնակչության շրջանում շատ օգտագործվող մակարոնեղենի գինն աճել է 30 տոկոսով, բրնձինը՝ 10 տոկոսով, ալյուրինը՝ 13 տոկոսով, ձավարեղենինը՝ 21 տոկոսով, հնդկացորենինը՝ 23 տոկոսով։ 2022 թվականի հոկտեմբերին 2021-ի հոկտեմբերի համեմատ հացի գինն աճել է 18 տոկոսով:
Կարագի, շոկոլադի, մեղրի եւ հրուշակեղենի թանկացումը կազմել է՝ համապատասխանաբար 3․3 տոկոս, 9.1 տոկոս, 9.3 տոկոս եւ 11.1 տոկոս։ Պանրի գինն աճել է 22.1, տավարի մսինը՝ 23.5, ձվինը՝ 20.5 տոկոսով եւ այդպես շարունակ։
Շատ են թանկացել նաեւ հագուստն ու կոշիկը՝ 8․7 տոկոսով։
9 տոկոսով թանկացել է տրանսպորտը, ջուր-էլեկտրաէներգիա ապրանքային խումբը՝ 7․8 տոկոսով, հանգիստն ու մշակույթը՝ 14․1 տոկոսով։
Ընդ որում՝ թանկացում կա ոչ միայն անցած տարվա համեմատ, այլեւ անգամ նախորդ ամսվա՝ սեպտեմբերի համեմատ։ Օրինակ՝ մեր բնակչության շրջանում լայնորեն օգտագործվող բանջարեղենը սեպտեմբերի համեմատ թանկացել է 4․5 տոկոսով։
Սննդամթերքի խմբում ամենաշատը թանկացել են մրգերը. տանձը՝ 38․5, խնձորը՝ 27․7, խաղողը՝ 32․6, նուռը՝ 21 տոկոսով։
ԵԱՏՄ տարածքում ընդհանուր գնաճը սեպտեմբերին եղել է 14․3 տոկոս, ամենաշատ թանկացումը եղել է Ղազախստանում՝ 17․7 տոկոս, Բելառուսում աննշան ցածր է՝ 17․4, Ռուսաստանում՝ 13․7 տոկոս, իսկ ամենացածր գնաճը եղել է Հայաստանում՝ 9․9 տոկոս։
Եվրամիությունում արդեն ընդհանուր գնաճը 10․9 տոկոս է, որի երկրներից ամենաշատ թանկացումը եղել է Էստոնիայում՝ 24․1 տոկոս, ամենաքիչը՝ Ֆրանսիայում՝ 6,2 տոկոս։
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։