ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը հայտարարել է, որ ՌԴ հատուկ ծառայությունները Զապորոժիեի ատոմակայանում ահաբեկչություն են կանխել։
ՌԴ ԱԽ քարտուղարը հայտնել է նաեւ, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) պատվիրակության այցը էլեկտրակայանի վրա հարձակումների կանխմանը եւ Ուկրաինայի գործողությունների վերաբերյալ միջազգային հանրության դատապարտմանը չի նպաստել։
Ուկրաինական «Էներգոատոմ»-ի մամուլի ծառայությունից էլ հայտնել են, որ Ուկրաինա ներխուժած ՌԴ զինված ուժերը ձգտում են Զապորոժիեի ատոմակայանի էներգամատակարարման համակարգը միացնել բռնակցված Ղրիմին եւ Դոնբասին: Նախօրեին ռուսները վնասել են Ուկրաինայի էներգահամակարգի հետ ԶԱԷԿ-ի կապի վերջին երկու գծերը:
ՌԴ ԶՈՒ-ն Զապորոժիեի ատոմակայանը բռնազավթել է մարտի 4-ին: Ռուսաստանը սադրանքներից պաշտպանելու պատրվակով մերժում էր ատոմակայանի ապառազմականացման վերաբերյալ կոչերը եւ մեղադրում Կիեւին: Օգոստոսի 25-ին ՌԴ ԶՈՒ-ի գնդակոծություններից հետո ԶԱԷԿ-ի պատմության մեջ առաջին անգամ կայանն ամբողջովին անջատվեց Ուկրաինայի էներգահամակարգից: Հոկտեմբերի 5-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր ստորագրեց, ըստ որի՝ Զապորոժիեի ատոմակայանը հանձնվելու է Ռուսաստանի Դաշնությանը: