ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ Ադրբեջանից հոկտեմբերի 27-ին հայկական կողմին փոխանցված 10 հայ ռազմագերիների մարմինների փորձաքննությունը դեռ չի ավարտվել։
«Եթե ունենանք դեպքեր, որ կրկնակի փորձաքննելու ընթացքում պատասխան չլինի, միանշանակ կդիմենք նաեւ մեր օտարերկրյա գործընկերների օգնությանը»,- նշել է նախարարը: Նա հավելել է, որ ներկա պահին արտերկիր տեղափոխելու կարիք չկա։
Ավանեսյանը հայտնել է նաեւ, որ սեպտեմբերի 13–ի ագրեսիայի ժամանակ հակառակորդի կողմից դիերի խոշտանգումների դեպքերով կազմվել են մահվան մանրամասն եզրակացություններ, որոնք հանձնվում են իրավապահ մարմիններին հետագայում փաստերն օգտագործելու համար։
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը նոյեմբերի 2-ին հրապարակեց սեպտեմբերի 13-14-ին զոհված զինծառայողների ոչ ամբողջական ցանկը՝ պաշտոնապես զոհված համարվող 197 զինծառայողներից 93-ի անունները:
93 զոհվածներից 42-ը 2003 թվականի ծնվածներ են, 13-ը՝ 2002 թվականի ծնվածներ: Զոհվածներից մեկը ծնվել է 2000 թվականին, 5-ը՝ 1999-ին, 2-ը՝ 1998-ին, 2-ը՝ 1994-ին, 2-ը՝ 1991-ին: Մյուս 26 զոհված զինծառայողները 1968-ից մինչեւ 1990 թվականների ծնվածներ են:
93 զոհվածներից 59-ը պարտադիր ժամկետային զինծառայողներ են, 20-ը՝ պայմանագրային շարքայիններ, 11-ը՝ պայմանագրային սպաներ, 3-ը՝ կամավորներ: