Ֆրանսիայի սենատի անդամ Վալերի Բուայեն Public Senat հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գործընկերությունն Ադրբեջանի հետ խայտառակություն է: Ըստ ֆրանսիացի սենատորի՝ էներգետիկ ճգնաժամը չի կարող արդարացում լինել, հատկապես երբ բախվում ենք իրական պատերազմական հանցագործությունների: Բուայեն հավելել է, որ Ֆրանսիան կարող էր ավելին անել Հայաստանի համար, հատկապես երբ նախագահում էր Եվրամիությունում։ Ըստ նրա՝ դիտորդներ ուղարկելը նվազագույնն է, ինչ Փարիզը կարող էր անել:
«Հայաստանի թշնամիները բացահայտ հայտարարում են, որ ցանկանում են ոչնչացնել հայերին: Եվ չնայած դրան՝ մենք շարունակում ենք ընդունել այդ ղեկավարներին, եւ Եվրոպան Ադրբեջանից գազ է գնում Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ, որը հայտարարում է, թե Ալիեւը հուսալի գործընկեր է»,- ընդգծել է Վալերի Բուայեն։
Ըստ սենատորի՝ Եվրոպան արդարացիորեն մոբիլիզացվել է Ուկրաինայի համար, բայց միաժամանակ լռում է Հայաստանի մասին։ «Հայերի կյանքն ավելի պակա՞ս արժե, քան ուկրաինացիների կյանքը: Կա Ադրբեջանի կոռումպացված եւ ռասիստական պետություն, որը հարձակվում է Հայաստանի սահմանների վրա՝ ձգտելով էթնիկ զտումների եւ ցեղասպանության շարունակման»,- հայտարարել է ֆրանսիացի սենատորը: