Կառավարության որոշմամբ` 2022-ի դեկտեմբերի 1-ից ՀՀ տարածքում ճանապարհային երթեւեկության կանոնների խախտում կատարած արտաահմանցի վարորդներն իրավախախտման մասին վարչական ակտը կստանան հենց սահմանային անցակետում` Հայաստանի սահմանը հատելուց առաջ։
Այդ նպատակով որոշ փոփոխություններ է կատարվել դեռ 2011-ից գործող կարգում` որոշ հավելյալ գործառույթներ վերապահելով սահմանային վերահսկողություն իրականացնող սահմանապահներին, քանի որ ըստ գործող կարգի` այդ գործառույթը վերապահված է ճանապարհային ոստիկանությանը։
Նոր կարգավորումներով սահմանապահ զորքերի ծառայողները ՀՀ սահմանը հատող օտարերկրյա քաղաքացիներին կհանձնեն ՀՀ տարածքում տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով (ներառյալ հատուկ մշակված բջջային հավելվածով) հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վարչական ակտերը եւ դրանց կատարման կարգի եւ չկատարման իրավական հետեւանքների մասին հուշաթերթիկը։
Դրանից հետո միայն օտարերկրացին սահմանահատման թույլտվություն կստանա։ Իսկ եթե վարչական ակտն ընդունվել է նրա` ՀՀ տարածքը լքելուց հետո, իր չվճարված ակտը կստանա հաջորդ անգամ Հայաստան այցելելիս` մինչեւ ՀՀ մուտքի իրավունք ստանալը։
Սահմանապահ զորքերին իրավունք է վերապահվելու նաեւ քննելու եւ վարչական տույժեր նշանակելու ՀՀ-ում առանց վավերական արտոնագրի, կացության կարգավիճակի կամ այլ անվավեր փաստաթղթերի բնակվելու համար։