Նոյեմբերի 1-ին եւ 2-ին ՀՀ առողջապահության նախարարությունը Լոռու մարզպետարանի հետ գործակցությամբ Վանաձորում կազմակերպել էր «Առողջ ապրելակերպի» արշավներ։
Առաջին օրը արշավին մասնակցել են 60-ից բարձր տարիքի քաղաքացիներ։ Տարեցների՝ «Ընտրի՛ր առողջությունը։ Շարժվի՛ր, որ լինես առողջ» խորագրով քայլերթը Վանաձորի կենտրոնական հանրախանութի մոտից շարժվել է դեպի քաղաքի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի տարածք, որտեղ անցկացվել է օրվա հիմնական միջոցառումը՝ ձեռքի աշխատանքների եւ գեղանկարների ցուցադրություն, ուտեստների պատրաստում, գեղարվեստական կատարումներ։
«Առողջ ծերացման արշավի» նպատակն է եղել համայնքի տարեց բնակչության մեջ առողջ ապրելակերպ վարելու գաղափարն ամրապնդելը։
Տարեցների հետ արշավին մասնակցել են նախարարության եւ մարզպետարանի պաշտոնյաներ, մարզի առողջապահական կազմակերպությունների ղեկավարներ եւ աշխատակիցներ, նաեւ Հայկական կարմիր խաչի ընկերության Լոռու մարզային մասնաճյուղի, «Առաքելություն Հայաստան» կազմակերպության, «Արփի» ՀԿ-ի եւ այլ կազմակերպությունների շահառուներ եւ աշխատակիցներ։
Առողջ ապրելակերպի գաղափարին միտված արշավի երկրորդ օրը նույն՝ «Ընտրի՛ր առողջությունը։ Շարժվի՛ր, որ լինես առողջ» խորագրով քայլերթի են դուրս եկել վանաձորցի դպրոցականները։
Միջոցառման ավարտին նրանք մասնակցել են առողջ ապրելակերպի վարքագծի վերաբերյալ վարպետաց դասերի, ինտերակտիվ ներկայացման, շուրջպարի եւ սպորտլանդիայի։