Ըստ Reuters-ի՝ «Մեծ Յոթնյակն» ու Ավստրալիան համաձայնության են եկել ռուսական նավթի համար գնի վերին շեմի սահմանման հարցում, եւ այս ասմվա վերջում ամենայն հավանականությամբ այն կսահմանվի։ Ընդ որում՝ այդ սահմանաչափը լինելու է ամրագրված։ Սա նշանակում է, որ առնվազն նշված երկրների համար ռուսական նավթի գինն այլեւս չի լինի «լողացող»։
«Մեծ Յոթնյակի» երկրների եւ հատկապես ԱՄՆ ներկայացուցիչները վերջին շաբաթներին ակտիվ բանակցություններ են վարել ծովային ճանապարհով նավթի մատակարարման սահմանափակման աննախադեպ որոշման վերաբերյալ, որը ուժի մեջ է մտնում ընթացիկ տարվա դեկտեմբերի 5-ից եւ միտված է ապահովելու ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի սահմանած հակառուսական պատժամիջոցների իրականացումը։
Կողմերը պայմանավորվել են, որ ռուսական նավթի գնի վերին շեմ է գոյություն ունենալու, որը լինելու է ամրագրված եւ մշտապես վերանայվելու է։ Մասնագետները նշում են, որ դա կարող է նաեւ կայունացնել շուկան, բեռնաթափել շուկայի ծանրաբեռնվածությունը եւ այն ավելի դիտարկելի դարձնել։ Ամրագրված առաջին գնային վերին շեմը կհայտարարվի առաջիկա շաբաթներին։ Կոալիցիայի անդամները կարծում են, որ այս քաղաքականությունը կնվազեցնի Ռուսաստանի ֆինանսական հնարավորությունները Ուկրաինայում պատերազմը շարունակելու համար։
Հիշեցնենք, որ Ռուսաստանն էլ իր հերթին էր հայտարարել, որ գնային սահմանաչափ սահմանած երկրներին նավթի մատակարարումը կդադարեցնի։