ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 4-ին ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական կարողությունների առաքելության ղեկավար Մարեկ Շչիգիելին եւ նրա գլխավորած պատվիրակության անդամներին:
Նախարարը ներկայացրել է սեպտեմբերի 13-14-ին ՀՀ տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայից հետո տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումները:
Միրզոյանը կարեւորել է ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանում՝ համոզմունք հայտնելով, որ այն իր նպաստը կբերի տարածաշրջանում կայունության եւ խաղաղության հաստատմանը:
Մարեկ Շչիգիելը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին ԵՄ քաղաքացիական առաքելությանը ցուցաբերած աջակցության համար եւ ներկայացրել է իրենց գործունեության շրջանակն ու առաջիկա աշխատանքները Հայաստանում:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր: