Նոյեմբերի 4-ին Երեւանում ստորագրվել է հայ-ղրղզական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի արձանագրությունը։
Ղրղզստանի էկոնոմիկայի եւ առեւտրի նախարար Դանիյար Ամանգելդիեւը հայտարարել է, որ Ղրղզստանը հետաքրքրված է ինտենսիվ այգիների տեխնոլոգիաների, հատկապես ցածր արտադրողական հողերի մշակման ու զարգացման հայկական փորձով։
«Մեր երկրում ցածր արտադրողականությամբ շատ հողեր կան, քանի որ ոռոգման ջրի խնդիր կա։ Գյուղատնտեսության մեջ նորագույն տեխնոլոգիաների կիրառման ոլորտում հայ գործընկերները հասել են որոշակի արդյունքների։ Մեր առաջին խոշոր համագործակցությունը հենց այդ ուղղությամբ կլինի»,- նշել է նախարարը։
Ըստ Ամանգելդիեւի՝ հանդիպման նպատակն է ավելացնել երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառությունն ու երկկողմ համագործակցության ներուժը։ Դանիյար Ամանգելդիեւը նշել է նաեւ, որ հայկական կողմի հետ արդեն նախանշվել են հետագա համագործակցության ուղղությունները, մասնավորապես` թեթեւ արդյունաբերության ոլորտում։
«Ռուսաստանի ու Ղազախստանի հետ այս ոլորտում համագործակցության փորձ արդեն ունենք։ Նախատեսում ենք ավելացնել նաեւ Հայաստանի հետ համագործակցության ներուժը»,- նշել է նախարարը