Թուրքիայի նախագահ Էրդողանը նոյեմբերի 4-ին ելույթ է ունեցել MÜSİAD 2022 ամենամյա առեւտրային ֆորումում, որի ընթացքում անդրադարձել է պարենային միջանցքի շուրջ իր ու ՌԴ նախագահ Պուտինի նոր պայմանավորվածությանը։
Էրդողանն ու Պուտինը համատեղ որոշում են կայացրել պարենային միջանցքով փոխադրվող հացահատիկը նախեւառաջ տրամադրել քիչ զարգացած երկրներին․ «Մասնավորապես, Պուտինն ասաց հետեւյալը՝ եկեք այս երկրներին հացահատիկն անվճար ուղարկենք։ Համաձայնության եկանք։ Սա կքննարկենք նաեւ G20-ի ընդլայնված կազմով»,- Էրդողանի ելույթից մեջբերել է Hürriyet պարբերականը։
G20-ի հանդիպումն, ըստ Էրդողանի, կայանալու է նոյեմբերի 13-14-ը Բալիում, որտեղ էլ նախատեսվում է քննարկել քիչ զարգացած երկրներին անվճար հացահատիկ մատակարարելու առաջարկը։
Թուրքիայի նախագահը հավելել է, որ հացահատիկի միջանցքով նախատեսում են մատակարարումներ իրականացնել դեպի Աֆրիկայի առավել կարիքավոր երկրներ՝ Սոմալի, Ջիբութի, Սուդան։