Ըստ ռուսական НЕЗЫГАРЬ տելեգրամյան ալիքի՝ Ռուսաստանի մի շարք երկրամասերում բնակչության լայն շերտերի շրջանում հասունանում է լուրջ սոցիալական դժգոհություն՝ չնայած նրան, որ նահանգապետները ներկայացրել են զեկույցներ առ այն, որ մասնակի զորահավաքին առնչվող իրենց առջեւ դրված խնդիրները, այդ թվում նաեւ՝ զորակոչվածներին սոցիալական աջակցության տրամադրումը, ամբողջությամբ եւ բարեհաջող կատարել են։
Ստացվում է, որ նահանգապետները, ըստ էության, զբաղվել են «փուչիկային» PR-ով, քանի որ որոշ շրջաններում սոցիալական դժգոհության մակարդակը մոտենում է անթույլատրելիության սահմանին։
Մասնագետները եւ НЕЗЫГАРЬ-ի՝ իրավիճակին տեղյակ աղբյուրները նշում են, որ նման իրադրություն չէր առաջանա, եթե տեղերում նահանգային եւ ավելի ցածր մակարդակում գտնվող իշխանություններն իրականացնեին իրական եւ ոչ թե իմիտացիոն կամ զուտ PR-ին միտված աշխատանք ու զորակոչիկներին հասանելիք օժանդակությունն իրականացնեին ժամանակին եւ հասցեական։
Շատ ռեգիոններում արդիական է զորակոչվածների արժանապատիվ կենսապայմանների ապահովումը, այդ թվում նաեւ նրանց, ովքեր ուսումնավարժական կենտրոններում են։
Հաճախակի են արձանագրվում դժգոհություններ, որ ուսումնավարժական ռեգիոնալ կենտրոններում կենսապայմանները վատն են, սնունդը վատն է, նյութատեխնիկական ապահովվածությունը բավարար մակարդակի վրա չէ, նույնիսկ ռազմական նշանակության պարագաների պակաս կա, ռեգիոնալ իշխանություններն էլ բավարար չափով աջակցություն չեն ցուցաբերում զորակոչիկներին։ Այս դժգոհությունները նաեւ սպրդում են սոցցանցեր՝ գրավելով հանրության ուշադրությունը։
Դժգոհողների մտայնությունը հետեւյալն է․ ռեգիոնալ իշխանությունները բավական ծավալուն աջակցություն են խոստացել, սակայն կա՛մ չեն ցուցաբերում, կա՛մ ցուցաբերում են մասնակի կամ կիսատ-պռատ։
Արդյունքում, նահանգապետների եւ ռեգիոնալ իշխանությունների նախաձեռնած PR արշավները, որոնք միտված էին հանրային գիտակցության վրա բարենպաստ ազդեցություն գործելու, հակառակ արդյունքն են ունենում եւ հանրության մեջ ավելացնում են լարվածությունը, իսկ շատ զորակոչիկներ էլ պարզապես իրենց զգում են խաբված։
Այս ամենի արդյունքում բավական պարադոքսալ իրավիճակ է ձեւավորվում. որքան ավելի են նահանգապետները PR-վում, այնքան ավելանում են թիրախային խմբերի, այսինքն՝ զորակոչվածների եւ նրանց ընտանիքների դժգոհությունները։
НЕЗЫГАРЬ-ի՝ մասնակի զորահավաքին ծանոթ աղբյուրները նաեւ նշում են, որ ռեգիոնալ վարչակազմերի համար շատ վաղ էր իրենց առջեւ դրված առաջադրանքների կատարման մասին հաշվետվություններ ներկայացնելը։
Բացի այդ, թեկուզեւ ծամծմոցով ու վերապահումներով հայտարարվեց հանձնարարված առաջադրանքների կատարման մասին, դա չի նշանակում, թե զորակոչվածներին եւ նրանց ընտանիքներին աջակցության տրամադրումը, կենսապայմանների եւ ապահովվածության մակարդակի բարձրացմանը միտված քայլերն այդպիսով ավարտվում են։
Ընդհակառակը, մասնագետները կարծում են, որ դա անդադար աշխատանք է, չնայած որ ֆորմալ իմաստով մասնակի զորահավաքն ավարտվել է։
Պատրաստեց Արման Գրիգորյանը