Լոռու մարզի Վահագնի գյուղում 250 հեկտար վարելահողերի մեծ մասն անմշակ է։ Այս տարի միայն 10 հեկտար կարտոֆիլի եւ 70 հեկտար հացահատիկի ցանքս է կատարվել։ Գյուղի վարչական ղեկավար Սուրեն Վարդումյանը սա լավ ցուցանիշ է համարում, որովհետեւ Վահագնիում մարդիկ վերջին մի քանի տարիներին են սկսել հողագործությամբ զբաղվել։ Հիմնական զբաղմունքն այստեղ անասնապահությունն է եղել։
Գյուղացիների՝ ցորենի ցանքատարածություններն ավելացնելու ցանկությունն, ըստ վարչական ղեկավարի, ներկայում պայմանավորված է պետության կողմից աշնանացան ցորենի սերմի գնի մասնակի սուբսիդավորմամբ։ Իսկ համայնքապետարանի նպատակը Վահագնիի 1250 հա գյուղատնտեսական նշանակության հողերն ամբողջությամբ մշակելի դարձնելն է։
«Արոտավայրեր ունենք, սարեր, արդեն գարնան շրջանում ուզում ենք, որ գյուղում խոշոր եղջերավոր անասուն չմնա, որովհետեւ ցանքատարածությունների լուրջ խնդիր է առաջանում։ Սարում գյուղացիները ժամանակավոր կացարաններ են սարքում, համայնքապետարանն էլ աջակցում է։ Նաեւ ճանապարհն ենք բարեկարգում, փորձում պայմաններ ստեղծել»,- ասում է Սուրեն Վարդումյանը։
Անասուններին գյուղից հեռացնելուց բացի հողագործությունը խթանելու գործում վարչական ղեկավարը ոռոգման խնդրի լուծումն է կարեւորում։ Ջրի բացակայությունն առաջնահերթ է Վահագնի գյուղի խնդիրների շարքում։ Խմելու ջուր ունեն, բայց ջրագծերն են մաշված։ Ջրի հարցը վերջնականապես լուծելու նպատակով, ըստ Սուրեն Վարդումյանի, Եվրամիության ծրագրերից մեկով ուզում են գեոմեմբրանային ջրամբար կառուցել։
Եվրոպայի փորձով ու Վահագնիի 19 հա այգիների բերքուբարիքով նպատակ կա հյութերի արտադրություն հիմնելու։ Գյուղի զարգացման այս եւ մի քանի այլ ծրագրեր մշակվել են ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու եւ Տավուշի մարզերում» ծրագրին մասնակցելուց եւ Եվրոպայի փորձն ուսումնասիրելուց հետո։
«Եվրոպայում (Ավստրիա, Սլովենիա) տեսանք, թե ինչքան բան կարող ենք փոխել մեր ունեցած ռեսուրսներով՝ ճիշտ կառավարում իրականացնելով։ Մենք ավելի լավ ռեսուրսներ ունենք, նրանք իրենց հողերն էնքան են արդեն մշակել, հիմա լուրջ աշխատանք են տանում բերքատվությունը բարձրացնելու համար։ Իսկ մերը չի մշակվել, բերքատվությունն ավելի բարձր է, կարող ենք դեռ տասը տարի մշակել՝ առանց չարչարվելու»,- բացատրում է Վահագնիի վարչական ղեկավարն ու որպես խնդիր ներկայացնում մասնագետների, մասնավորապես գյուղատնտեսների պակասը․ ճիշտ պատվաստման եւ մշակության ձեւը չիմանալու հետեւանքով, օրինակ, բերքը կարող է անորակ լինել։
Գյուղատնտեսություն, արտադրություն, ճիշտ կառավարում․ Վահագնիում գյուղի զարգացման գրավականը սա են համարում։ Թեպետ զբոսաշրջության զարգացման համար էլ բավականաչափ ռեսուրսներ կան այստեղ․ 2021 թվականին ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի եզրակացությամբ Վահագնի գյուղում հայտնաբերված միջին բրոնզեդարյան դամբարանադաշտին հանրապետական նշանակության նորահայտ հուշարձանի կարգավիճակ է տրվել։
«Տուրիստական լավ ուղիներ կան գյուղում, միջպետական ճանապարհի վրա ենք, բայց չեմ ուզում գյուղը վերածել հյուրատնային ցանցի։ Օրինակ՝ «Աստղիկ» հիմնադրամը բացել է կարի արտադրամաս, ավելի լավ է աջակցենք՝ արտադրությունը մեծանա, քան աշխատատեղի հարցը բալանսավորենք՝ հյուրատուն կառուցելով։ Հիմա նաեւ ագրարային համալսարանի հետ ենք փորձել համաձայնության գալ, որ մի քանի լավ գյուղատնտես պատրաստենք։ Արդեն երեսուն տարի մարդիկ մտածում են, որ գյուղատնտեսությունը եկամտաբեր չէ, էդ կարծրատիպը պետք է կոտրենք»,- եզրափակում է Սուրեն Վարդումյանը։
Ինչպես գրեթե բոլոր գյուղերում, Վահագնիում նույնպես երիտասարդների համար ժամանցի վայրեր չկան։ Բայց գյուղի զարգացման համար երիտասարդները տարբեր ծրագրերի են դիմում։
Վերջերս երիտասարդների ակտիվ խմբի նախաձեռնությամբ եւ «Եվրասիա համագործակցություն հիմնադրամ»-ի աջակցությամբ տեխնոպարկն են նորոգել, իսկ գյուղի Honey երիտասարդական կենտրոնը մեկ այլ դրամաշնորհով սառնաշաքարի արտադրություն է հիմնել՝ երկու աշխատատեղով։
Վահագնին 1050 բնակիչ ունի։ Արդեն մեկ տարի գյուղը 15 բնակավայր միավորող Փամբակի կազմում է։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։