Երկար ժամանակ է, ինչ ինձ բռնեցնում եմ այն մտքի վրա, որ Հայաստանի Կառավարության նիստերը վերածվել են սոցապ նախարարության կամ, թե կուզեք, «Հայ օգնության ֆոնդի» կոմիտեի նիստերին հարիր միջոցառման։
Եթե չհաշվենք սահմանային սրացումները, միջազգային հանդիպումները եւ արտաքին քաղաքական մյուս հարցերը, բոլոր քննարկումները միայն ու միայն Կառավարության սոցիալ-տնտեսական կամ աջակցության ծրագրերի մասին են։ Եթե արտաքին կամ ներքաղաքական թեմաներ էլ լինում են, ապա միայն հպանցիկ, ավելի շատ՝ որպես հայտարարություն, եւ, ապա միանգամից խոսվում է վճարումների, օգնությունների, հատկացումների, սուբվենցիոն ծրագրերի, թոշակի, նպաստի, ատեստավորման եւ աշխատավարձերի մասին։
Կարճ ասած՝ ամեն ինչի մասին, որի հիմքում փողն է։
Օրինակ՝ խոսվում է բանակի մասին։ Շատ բարի, ուրեմն բանակի ռեֆորմ. ատեստավորում ենք ու բարձրացնում աշխատավարձերը, բաժանում բնակարաններ։ Մեկ այլ՝ կրթության ոլորտ. ատեստավորում ենք ու բարձրացնում աշխատավարձերը։ Ուսուցիչներ, գիտաշխատողներ. ատեստավորում-աշխատավարձ: Մանկապարտեզի դայակներ. ատեստավորում-աշխատավարձ։ Թեման փոխվում է համայնքային զարգացման. կրկին սուբսիդիա-համաֆինանսավորում: Սոցիալական ոլորտ. սուբսիդիա: Կրթության խնդիրներ. սուբսիդիա: Համայնքային հարցեր. սուբսիդիա։
Իրավիճակի կոմիզմը կամ, եթե կուզեք, ողբերգությունը հայտնի ոջիլի անեկդոտն է հիշեցնում։ Բայց, ի վերջո, որն է այս ամենի ֆենոմենը, չէ՞ որ ժամանակին գոնե աշխարհայացքային, հայեցակարգային կենացների էինք ականատես լինում, իսկ հիմա դրանք պակասել են, եւ առաջնայինը «ազգ-նպաստ» դաշինքի ամրապնդումն է։
Ունենք տարածքային կորուստներ՝ փույթ չէ, կլինեն սուբվենցիոն ծրագրեր, նոր ճանապարհներ, աջակցություն փախստականներին: Ունենք զոհեր ու վիրավորներ, կլինեն օգնության գումարներ, աջակցության ծրագրեր։ Ամեն, ամեն ինչ հանգում է փողի բաշխմանը։ Տպավորություն է, թե փողը դարձել է ունիվերսալ բալասան բոլոր հարցերի համար. կա խնդիր, կգտնվի դա մեղմելու, մոռացության տալու կամ լուծելու համար անհրաժեշտ փող։
Եթե փորձենք ընդհանրացնել այս տենդենցը, վստահաբար կարող ենք պնդել, որ մի կողմից՝ ունենք իշխանության կողմից առաջարկվող եւ ժողովրդի կողմից առնվազն չմերժվող հանրային համաձայնություն, որը ձեւավորվել է 2020-ի պատերազմին հաջորդած ընտրություններով՝ «փող լոյալության դիմաց» բանաձեւով, մյուս կողմից՝ այդ բանաձեւը համեմվում է «Ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն, փող բոլորին» կարգախոսով։
Ինչո՞ւ «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն», որովհետեւ «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը ապագա սերունդներին թողնելու»՝ ՌԴ-ի մոտեցումն ուղիղ համեմատական է Փաշինյանի՝ Արցախում 15-20 տարի խաղաղապահ թողնելու, այսինքն՝ կոնֆլիկտը սառեցնելու, չլուծելու առաջարկին։
Իրավամբ, խոսուն եւ խոստումնալից հանրային համաձայնության բանաձեւ է, որի կենսագործունեությունն ապահովում է բոլոր կողմերի շահութաբեր դիրքերը։ Նախորդ իշխանությունների անօրինական կապիտալը միայն խոսքի մակարդակում է կասկածի տակ, դեռ ավելին՝ շատերի բիզնեսը դեռ մի բան էլ ծաղկում է։ Իշխանամերձ շրջանակների եւ չեզոքների բիզնեսները նույնպես իրենց վատ չեն զգում։
Մարդիկ, այո՛, աղքատանում են, եւ դա ընդունում է նույնիսկ էկոնոմիկայի նախարարը, բայց դե կարելի է նաեւ աղքատներին ատեստավորել ու սուբսիդավորել, ատեստավորել ու ավելացնել աղքատության նպաստը, ատեստավորել եւ խոսել ապագայի բարեբախտությունից։
Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ անկառավարելի շուկայական կապիտալիզմի եւ հայկական հետհեղափոխական ժողովրդավարության օրինածին զավակ։
Իսկ փո՞ղ, փող կա։ Շնորհիվ ռուսական ագրեսիայի Հայաստան, ամենանվազ հաշվարկներով, մեկ միլիարդ դոլարից էլ ավելի փող է մտել, դրան գումարվում են ռուս ռելոկանտների բիզնեսները, ֆինանսական հոսքերը, եւ ստանում ենք անծայրածիր բյուջե, որը հերիք է թե՛ բանկերին, թե՛ բիզնեսին, թե՛ Կառավարությանն ու ժողովրդին։ Խնդիրն, ուրեմն, եղած մուտքերի արդարացի վերաբաշխումն է, որ բոլորը գոհ ու երջանիկ լինեն, ամեն ինչ երկնիշ աճ ունենա, ամեն բան հնարավոր լինի շոշափել ու զգալ, իսկ թե ֆինանսական հոսքերի դադարի դեպքում ինչ կլինի, ոչ ոքի հետաքրքիր չէ։ Դա նման է թմրամոլի՝ այս րոպեի շահին, որը պահի հաճույքն ամեն ինչից վեր է դասում՝ անկախ հանգամանքից, որ հետո գալու է, այսպես կոչված, «լոմկի» էտապը։ Որովհետեւ, անկախ մեր ցանկություններից, մեր երկրի տնտեսությունն այնքան հզոր չէ, որ այդ մուտքերը կլանի ու վերածի երկարատեւ ծրագրերի։
Ավելին՝ ինքը՝ Կառավարությունը, ընդունում է, որ Հայաստանում չկան անհրաժեշտ տնտեսական հզորություններ։ Ոչ սուբվենցիոն, մեծ նախագծերը չեն իրականացվում, տարեցտարի ոչ կապիտալ ծախսերի թերակատարում է գրանցվում։ Բանն այնպիսի աբսուրդի էր հասել, որ կապիտալ ծախսերի ծրագրերը կասեցվել էին անվերահսկելի գնաճի հետեւանքով։
Այսպես՝ Վեդու ջրամբարի աշխատանքները կանգնել են, իսկ շինարարները դրանք հիմնավորում են շինանյութի թանկությամբ։ Կարելի է կարծել, ուրեմն, որ դա այդպես էլ կշարունակվի, եթե հանկարծ ապրանքների գները չնվազեն, կամ Կառավարությունը հավելյալ ֆինանսավորում չտա։ Դա էլ կստացվի Աքիլեսի եւ կրիայի հայտնի առակը։
Բայց ինչու սկսեցինք փողից ու հասանք Աքիլեսին։ Աքիլեսին հասանք, որովհետեւ մեր աքիլեսյան գարշապարը հենց կարճատեւ հեռանկարը, խնդիրները փողով ծածկելը, խնդիրները կոնսերվացնելը, շուկան անվերահսկելի փողով հեղեղելն է, երբ բոլորը գոհ են, բայց միայն սպառողականության, այլ ոչ արտադրության, կառավարման կամ պլանավորման տեսանկյունից։
Այդ ամենը պարզապես չկա, որովհետեւ գտնվել է դյուրին բանաձեւ. փող ամեն ինչի դիմաց։ Բոլորին՝ փող, քաղաքական հակառակորդներին՝ փող, բարեկամներին՝ փող, ընտրողներին՝ փող, չընտրողներին՝ փող, չեզոքներին՝ փող, տուն առնողներին՝ փող։ Բայց այդ ամենը կարելի է եւ առանց պետության էլ անել, պետք է պարզապես գումար հավաքող ու բաժանող լինի՝ մի քիչ արդար ու բարեգութ, որ գոհ մնան բոլորը։
Իսկ իրական՝ պատերազմի, թե խաղաղության հարցերը կարելի է թողնել հաջորդ սերունդներին, որովհետեւ կարեւորն այսօրվա ընտրողն է, այսօրվա պարտք ու վարկ ունեցող ընտրողը։
Մասնագիտությումբ պատմագետ եմ։ Տարիներ ի վեր ուսումնասիրում եմ հայկական մեդիան եւ քաղաքական դաշտը։ Գրում եմ պատմության, քաղաքականության, մշակույթի, գաղափարների ու մարդկանց մասին։ Չեմ հավատում փրկիչներին։