Ըստ Արաբական Միացյալ Էմիրությունների Արտաքին առեւտրի նախարար դոկտոր Թանի ալ-Զեյուդիի՝ մինչեւ տարեվերջ մոտ 40 տեխնոլոգիական ընկերություն կհայտարարի ԱՄԷ տեղափոխվելու մասին։ Սա կամրապնդի ԱՄԷ դիրքերը որպես գլոբալ տեխնոլոգիական կենտրոնի։
Նախարարը նշել է, որ ԱՄԷ-ի նախաձեռնած NextGenFDI ծրագիրը, որի շրջանակում է իրականացվում նշված տեխնոլոգիական ընկերությունների տեղափոխությունը ԱՄԷ, նպատակ ունի ընդլայնելու գործարար հորիզոնները եւ հրավիրելու առաջատար տեխնոլոգիական ընկերություններին աշխատելու Էմիրություններում։ ԱՄԷ իշխանությունները դրա համար մի շարք «խթանիչ միջոցառումներ» են իրականացրել, ինչպիսիք են՝ արտոնագրման եւ ֆինանսավորման պարզեցումը, «ոսկե վիզաների» տրամադրումը, առեւտրային եւ բնակելի տարածքների վարձակալության դեպքում զեղչերի ճկուն համակարգի կիրառումը, զարգացած համացանցայի ենթակառուցվածքները եւ այլն։
Դոկտոր ալ Զեյուդին տեղի The National պարբերականի հետ զրույցում ասել է, որ նախաձեռնությունը սկսելիս իրենք նախապես քննարկումներ են ունեցել 300 ընկերությունների հետ, սակայն այսօր արդեն նախաձեռնությամբ հետաքրքրված ընկերությունների թիվը հասել է 400-ի, որոնցից 40-ը մինչեւ տարեվերջ կտեղափոխվի ԱՄԷ կամ Էմիրություններում կունենա տարածաշրջանային գրասենյակներ։
Պատրաստեց Արման Գրիգորյանը