ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ ՊՆ-ում կմեկնարկի նոր ծրագիր, որի շրջանակում ատեստավորման գործընթացին առաջինը կմասնակցեն հատուկ նշանակության զորքերի զինծառայողները։ Արդյունքում նրանց աշխատավարձը շեշտակիորեն կբարձրանա։
«Առաջիկայում կստեղծվեն բոլոր անհրաժեշտ նախադրյալները եւ պայմանները, որոնք հնարավորություն կընձեռեն բարձրացնելու զինծառայողների մարտական եւ ֆիզիկական պատրաստվածությունը, ձեռք կբերվեն նոր, արդի պահանջներին համահունչ հետախուզական միջոցներ»,- վստահեցրել է նախարարը։
Ավելի վաղ նախարարը հայտնել էր, որ մարտական հերթապահություն չիրականացնող եւ ամսական միջինը 155 հազար դրամ ստացող շարքային պայմանագրային զինծառայողն ատեստավորումից հետո կստանա մոտ 215 հազար դրամ «մաքուր» աշխատավարձ, իսկ մարտական հերթապահության մեջ գտնվող եւ 200 հազար դրամ ստացող զինծառայողը՝ մինչեւ 300 հազար դրամ: