Շվեդիայի արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմը հայտարարել է, որ Շվեդիայի նոր կառավարությունն այլեւս հանդես չի գալիս ի պաշտպանություն Սիրիայում գործող քրդական միավորումների՝ «Ժողովրդական պաշտպանության ստորաբաժանումների» (YPG) եւ «Ժողովրդավարական միության» (PYD)։
Շվեդական ռադիոյին տված հարցազրույցում արտգործնախարարը նշել է, որ վերոնշյալ կազմակերպությունները սերտ շփումներ ունեն Քրդական բանվորական կուսակցության հետ, որը ԵՄ ահաբեկչական կազմակերպությունների ցանկում է։
Հայտարարությունն արվել է Շվեդիայի վարչապետ Ուլֆ Կրիստերսոնի՝ նոյեմբերի 8-ին Անկարա կատարելիք այցի նախաշեմին։ Այցի շրջանակում Շվեդիայի վարչապետը պետք է բանակցի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության դիմումի վավերացման շուրջ։
«Մեզ համար կարեւոր է, որ երկիմաստ շփումներ չլինեն։ Շվեդիայի համար կարեւոր է հեռավորություն պահպանել այդ կազմակերպություններից։ Մենք լավ հարաբերություններ ենք ուզում Թուրքիայի հետ»,- ասել է Բիլստրյոմը: