Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ ընթացող պատերազմն իր բացասական ազդեցությունն ունեցավ զարգացող բոլոր ոլորտների վրա։ Այս ամենից անմասն չմնաց նաեւ հումորը։ Վերջին տարիներին մեծ ճանաչում ձեռք բերած ռուսաստանաբնակ սթենդ ափ կոմիկները առաջիններից էին, որ լքեցին Ռուսաստանի Դաշնությունը։ Հայաստանը դարձավ ամենապոպուլյար ուղղություններից մեկը։
Եվ հունիսի 20-ին Հայաստանում բացվեց առաջին սթենդ ափ ակումբը Վարդանանց 18 հասցեում։ Ակումբի համահիմնադիրներ դարձան Կարեն Ասադուլինը, Գարիկ Օգանիսյանը, Էդուարդ Հովսեփյանը եւ Անդրեյ Շարապովը: Բացի Կարեն Ասադուլինից՝ ակումբի մյուս հիմնադիրները կոմիկներ են, որոնք ելույթներով հանդես են գալիս։ Շարապովի տան դիմաց կա ավտոկայանատեղի, որի աշխատակիցները շատ են օգտագործում «արի» բառը, և նրան այնքան հետաքրքիր եւ գեղեցիկ է թվում բառը, որ որոշում է ակումբն անվանել «Արի»։
«Արի»-ում ելույթները հայերենով, ռուսերենով եւ անգլերենով են։ Անցկացվում են (open mic) երեկոներ. ցանկացողները կարող են հանդես գալ մոնոլոգով։
Ակումբի բացման հետ բավականին տեսանելի դարձավ հայալեզու եւ ռուսալեզու սթենդ ափի դիսբալանսը։ Հայալեզու ելույթները դարձան ավելի չպահանջված։ Այս ամենն ունի մի քանի պատճառ, եւ առաջինը հայալեզու սթենդ ափում հնչող անունների պակասն է։ Շատ քիչ են այնպիսիք, որոնց մասին հանդիսատեսը գոնե մեկ անգամ լսել է։ Պատճառը նաեւ հնչող կատակների որակն ու բազմազանությունն են։
Իրենց ելույթներում կոմիկները մշտապես բարձրաձայնում են Ռուսաստանում քաղաքական ճգնաժամային խնդիրներ, ինչը չես ասի հայալեզու կատարողների մասին։ Այս ամենը կարելի է կապել Հայաստանում սթենդ ափի չքաղաքականացվածության հետ։ Տեսանելի է նաեւ հայ հանդիսատեսի՝ հումորից սպասելիքի ցածր շեմը։ Սա ակնառու դարձավ ակումբի բացման առաջին օրերին, երբ նույնիսկ ամենաթեթեւ կատակից հանդիսատեսն ուղղակի պայթում էր: Սակայն վերջին ելույթները ցույց տվեցին, որ պատկերը սկսել է փոխվել, եւ սպասելիքները հնչող կատակից ավելի են մեծացել։
Ակումբի գլխավոր խնդիրներից մեկը քաղաքի բնակչության թվաքանակն է, որը Մոսկվայի համեմատ մի քանի անգամ քիչ է, ինչի հետեւանքով կոմիկները ուղղակի չեն հասցնում նոր ելույթներ գրել, իսկ հանդիսատեսը նույնն է եւ նույն կատակն արդեն մի քանի անգամ լսել է։ Մեկ այլ խնդիր է (լոկալ կատակները), երբ կատակն ավելի շատ ուղղված է ռուս հանդիսատեսին. այստեղ խնդիրը լեզվական անջրպետը չէ, այլ պարզապես կատակի կոնտեքտը, որը ոչ միշտ է հասու հայ հանդիսատեսին։
Զարմանալի է, բայց Հայաստանում շատ քիչ է նկատվում ելույթների անօրինական նկարահանում եւ ներբեռնում համացանց, ինչի հետեւանքով կոմիկի հումորը կարող է արժեզրկվել եւ կորցնել անսպասելիության էֆեկտը։
Հայալեզու կոմիկները դեռեւս չունեն այնպիսի հումորներ, որոնք, բացի կատակ լինելուց, կբարձրաձայնեն հանրությանը հուզող խնդիրներ։ Այս ամենը լիարժեք կարողանում է իր մոնոլոգներում ընդգրկել Գարիկ Օգանիսյանը։
Սպասվում էր, որ հայ հանդիսատեսի համար կարող էին ավելորդ եւ անցանկալի լինել մոնոլոգներում զետեղված հայհոյաբառերը, սակայն դրանք ընդունվեցին նորմալ եւ դժգոհությունների պատճառ չդարձան։ Սթենդ ափն ինքնին ազատ ոճ է, որտեղ կարող ես խոսել ամեն բանի մասին, եւ շատ դեպքերում հայհոյաբառերն ուղղակի չեն նկատվում, քանի որ համահունչ են ու չեն աղավաղում ընդհանուր պատկերը։
«Արի»-ում արդեն հասցրել են ելույթներ ունենալ այնպիսի հանրահայտ կոմիկներ, ինչպիսիք են Արթուր Չապարյանը, որը ներկայում ռուսալեզու լավագույն սթենդ ափ կոմիկներից է, Սերգեյ Օռլովը, Վովա Բուխարովը, Լուկա Խինիկաձեն, Դիմա Կովալը, Արտյոմ Քալանթարյանը, Դանիլա Պոպերեչնին, Վովա Բուխարովը եւ այլք։ Կոմիկների հիմնական մասը «Stand Up Club #1» ակումբի նախկին ռեզիդենտներ են։
Ակումբը կահավորված է այնպես, որ հանդիսատեսի ամբողջ ուշադրությունը կենտրոնացած լինի կոմիկի վրա, որ չլինեն խանգարող հանգամանքներ։ Սա իր հերթին ավելի է սրում կատակի էֆեկտը։
«Արի»-ն հայ կոմիկներին հնարավորություն տվեց գտնելու մշտապես ելույթ ունենալու վայր։ Ակումբը կարճ ժամանակահատվածում դարձավ Երեւանի հումորային գլխավոր կետերից մեկը։ Այն լավ հարթակ է հետագայում հայկական սթենդ ափը նոր մակարդակի բարձրացնելու համար։
Սթենդ ափի զարգացումը․ ԱՄն-ից մինչեւ հետխորհրդային պետություններ
Սթենդ ափ կատակերգությունն առաջացել է 18-19-րդ դարերում ԱՄՆ-ում։ Այն ժամանակ դա ավելի շատ նման է եղել մոնոներկայացումների, քան ներկայիս սթենդ ափներին։ Սթենդ ափն իր հիմնական տեսքը ստանում է 1960-ականներին, երբ հեռուստացույցով սկսում են ցուցադրել Ջորջ Քարլինի, Լենի Բրյուսի եւ Սթիվ Մարտինի ելույթները։ Մինչ հեռուստացույցի էկրաններին հայտնվելը նրանք ելույթներ էին ունենում փոքր հումորային ակումբներում։
Լենի Բրյուսի եւ Ջորջ Քարլինի հումորը չէր բավարարվում միայն «set up»-ով եւ «punch line»-ով, բարձրացվում էին սոցիալական սուր հարցեր եւ բողոք, ինչն էլ ավելի գրավիչ էր դարձնում նրանց ելույթները։
Լենի Բրյուսը բացահայտ հակաիշխանական գաղափարներ ուներ, որոնք զետեղում էր իր մոնոլոգներում։ Շատ անգամներ ԱՄՆ-ի իշխանությունները նրա մոնոլոգները էքստրեմիստական էին համարում, որի հետեւանքով Լենի Բրյուսը մեկ անգամ չէ, որ ձերբակալվել է։
1980-ականներին ամերիկյան սթենդ ափում նոր գերաստղ է հայտնվում ՝ Լուի Սի Քեյը։ Նա սթենդ ափի մտահորիզոնը ավելի է լայնացնում է եւ այն դարձնում ճանաչելի։ Սի Քեյը չի կաշկանդվում տաբու թեմաներից, ինչն իրենից առաջ տեղ չէր գտնում կոմիկների ելույթներում։ Ներկայում նրա special-ները ամենաթանկն են վաճառվում սթրիմինգային հարթակներում։
Հետխորհրդային երկրներում սթենդ ափն ավելի ուշ ի հայտ եկավ, եթե հաշվի չառնենք Եվգենի Պետրոսյանի ելույթները, որոնք շատ հպանցիկ կապ ունեն սթենդ ափ մշակույթի հետ։
Դրան իրենց ելույթներով ավելի մոտ էին Միխայիլ Զադորնովը, Միխայիլ Ժվանեցկին։ Նրանք ելույթների ընթացքում դիմում էին մարդկանց, կիսվում պատմություններով. դրանք ժանրային առումով բավականին նման էին սթենդ ափին։
Ավելի ուշ՝ 2005 թվականին, ռուսական «ТНТ» հեռուստաալիքով հեռարձակվում է «Comedy Club»-ը, որը գլխիվայր փոխում է հետխորհրդային հումորի մասին պատկերացումնները։ Այնտեղ առաջիններից Պավել Վոլյան է սկսում սթենդ ափ ժանրում ելույթ ունենալ։ Սթենդ ափը Ռուսաստանում հասնում է իր տարածվածության գագաթնակետին 2010 թվականին, երբ բացվում է «Stand Up Club #1» հումորային, բայց ոչ հեռուստատեսային ակումբը։ Ակումբի հիմնադիրներ են դառնում Վովա Բուխարովը եւ Էլդար Գուսեյնովը։
Գոռ Իսրայելյան