Ըստ ԵՄ Ընդլայնման եւ հարեւանության հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյնի՝ մոտ ապագայում իրատեսական չէ Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցությունը։ «Ուկրաինայում ԵՄ ներքին շուկայում մասնակցության, ինչպես նաեւ ԵՄ անդամակցության համար անհրաժեշտ տարբեր ոլորտներում կատարելիք աշխատանքների ծավալը հաշվի առնելով՝ Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության միայն նախապատրաստական շրջանը կարող է տեւել մեկից երկու տարի»,- Die Welt-ի հետ զրույցում ասել է Օլիվեր Վարհեյնը։
Այդուհանդերձ, եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան ընդգծել է Ուկրաինայի՝ արագ տեմպով բարեփոխումներ կատարելով համաեվրոպական ընտանիքին անդամագրվելու ձգտումը՝ հիշեցնելով, որ Կիեւը ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստացել է այս տարվա հունիսին։ Վարհեյնը այդ ձգտումը գնահատել է «դրական» եւ հավելել է, որ «նախանշված յոթ բարեփոխումներից բոլորը չէ, որ հնարավոր է իրականացնել արագ տեմպով»։ Նա շեշտել է, որ առայժմ նույնիսկ Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունների ժամանակացույցի համաձայնեցման մասին խոսելն է չափազանց վաղ։
Չնայած այս ամենին՝ Կիեւում կարծես թե չեն ընկճվում։ Ուկրաինայի՝ Եվրոպական եւ եվրատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան էլ հայտարարել է, որ Կիեւը լի է վճռականությամբ՝ ավարտելու ԵՄ անդամակցության գործընթացը 2024 թվականի վերջին։ Նա շեշտել է, որ ներկայումս Կիեւը «կատարում է իր տնային հանձնարարությունը» եւ արդեն մեծ թվով բարեփոխումներ է իրականացրել, որոնք նկատելի են հատկապես կոռուպցիայի դեմ պայքարի եւ արդարադատության ոլորտներում։
Ուկրաինայի եվրոպական եւ եվրատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետը կարծում է, որ ԵՄ-ն պետք է Կիեւի հանդեպ կիրառի արագացված անդամակցության գործընթացը, ինչպես դա հորդորում են Բալթյան երկրները, սակայն եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյնը կարծում է, որ Ուկրաինայի հանդեպ պետք է բացառություններ չարվեն եւ կիրառվեն բոլոր թեկնածուների համար պարտադիր համարվող չափանիշները։
Պատրաստեց Արման Գրիգորյանը